Մարտի 1-ի մասին որոշման նախագիծը կքննարկվի հաջորդ քառօրյայում
2008-ի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման վերաբերյալ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ Ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած որոշման նախագիծն այս քառօրյայում չի քննարկվի: Այդ մասին այսօր Ազգային ժողովի նիստում տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:
«Քանի որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը այս օրերին գործուղման մեջ է, մենք պայմանավորվել ենք, որ հարցը դրվի քննարկման մյուս քառօրյայում» , -հայտարարեց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ դրական եզրակացություն էր տվել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագծին: Հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին և զինծառայողներին հրազենային մանրմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաև պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները: