Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները կհամոզեն իրենց որդուն դադարեցնել հացադուլը
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողների՝ Հայաստան ժամանելուն` «168 Ժամ»-ը գրել է. «Տեր և Տիկին Հովհաննիսյանները` որպես ծնողներ, մտահոգ լինելով իրենց որդու առողջության համար, բնականաբար, նրան հորդորելու են դադարեցնել հացադուլը, ամեն ինչ անելու են դրանում Րաֆֆի Հովհաննիսյանին համոզելու համար: Իսկ դա իր հերթին` անխուսափելիորեն ունենալու է քաղաքական հետևանք, քանի որ պայքարը բարոյականից տեղափոխվելու է քաղաքական հարթություն: Այս հեռանկարը, բնականաբար, հաշվարկել է նաև իշխանությունը, որը, որքան էլ ցույց տա, թե մտահոգված չէ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներով, միևնույն է, մտահոգ է հնարավոր զարգացումներից այնքանով, որ դրանք անկանխատեսելի են և կարող են դուրս գալ իրենց վերահսկողությունից:
Թերթի տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլի մասին որոշման հայտարարությունից հետո իշխանությունները դիվանագիտական և սփյուռքի կառույցների միջոցով կապ են հաստատել Ռիչարդ Կ. Հովհաննիսյանի հետ և խնդրել նրան ազդել որդու վրա, որպեսզի վերջինս հրաժարվի պայքարի այդ միջոցից և դադարեցնի հացադուլը: Նույն աղբյուրների փոխանցմամբ, հեղինակավոր պատմաբանն իշխանության բանագնացներին փոխանցել է, որ անկախ այդ խնդրանքից` ինքը պատրաստվում է ժամանել Հայաստան, քանի որ չափազանց մտահոգ է որդու առողջության համար: Միևնույն ժամանակ` Ռ. Կ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վստահ է` իր այցելությունը և հորդորները չեն կարող ազդել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման վրա»: