Թուրք պատգամավորի հարցադրումները Էրդողանին` Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող պատգամավոր Այթուղ Աթըջըն խորհրդարանում հարց է հնչեցրել այն մասին, թե Թուրքիայի կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկում Մեծամորի ատոմակայանը փակել տալու համար:
Ըստ թուրքական «Բուգյուն» լրատվական կայքի` իր խոսքում Այթուղ Աթըջըն նշելով, թե հայկական ատոմակայանը «դարն ապրել է», արել է հետևյալ հարցադրումները. «Մեր սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ատոմակայանը ցանկացած պահի կարող է պայթել: Ատոմակայանի փակման համար Թուրքիայի կառավարությունը որևէ քայլ անու՞մ է: Հնարավոր վթարների կանխարգելման համար միջոցառումների ծրագիր ունե՞նք արդյոք: Եթե ունենք, ո՞վ է հեղինակը: Հաշվարկված է արդյոք, թե հնարավոր ատոմային վթարի հետևանքով մեր քա՞նի քաղաքացի կտուժի: Օդերևութաբանական ուսումնասիրությունների համաձայն ռադիոկտիվ ամպերը մինչև ու՞ր կհասնեն: Ո՞ր շրջանները կվնասվեն»:
Թուրք պատգամավորը այս և նման այլ հարցեր է հնչեցրել և պահանջել, որ դրանց պատասխանի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը գտնվում է միջազգային կազմակերպությունների մոնիթորինգի տակ, պարբերաբար կատարվում են անվտանգության ապահովման միջոցառումներ, որոնք իրականցվում են Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական աջակցությամբ: Մասնագետների գնահատմամբ` հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը բավականին բարձր է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան