«Տալիս եմ ուզող կա՞». Վարդան Այվազյանը պատրաստ է իր բիզնեսը տալ ուրիշներին
Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը վստահ է, որ խորհրդարանում քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունեցող օլիգարխ-պատգամավորներ չկան: «Ցույց տվեք մի բիզնեսները ու էդ բիզնես ոլորտին վերաբերող մեկ օրենսդրական ակտ, որը քննարկվում էր արտոնյալ վիճակում: Եթե էդպես խոսելով ա, ես էլ կխոսեմ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ հանրապետական պատգամավորը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը արդյոք բիզնես չունի, քանի որ ըստ տարբեր տեղեկությունների նա հանքարդյունաբերական բիզնես ունի, Չարենցավանի երկաթի գործարանը, ինչպես նաև ներդրումներ է կատարում հարևան Վրաստանում: Այվազյանը սակայն, պնդեց, որ բիզնես չունի և ավելին, ինքը պատրաստ է մատնանշված բիզնեսը տալ այն մարդուն, ով կասի, թե դա իրենն է: «Տալիս եմ ուզող կա՞: Խնդրում եմ մորներիդ (նկատի ունի մայրերի) փեշներից 5 սպ հեռու գնան ու խոսեն բիզնեսի մասին: Էնքան խոսեցիք բիզնեսի մասին բիզնեսմեն չմնաց», - հայտարարեց Վարդան Այվազյանը:
Անդրադառնալով ներդրումներին նա վստահեցրեց, թե կողջունի, եթե ասենք «Carrefour»-ը գա Հայաստան ու ներդրում անի: «Չկա ըտենց բան, որ որևէ մեկը արգելի որևէ միջազգային կառույցի մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Սամվել Ալեքսանյանն ասում է, որ պատրաստ է իր տարածքները տրամադրել: Որևէ մեկդ ինձ ասեք արգելանքի միջոցները: Մտացածին թեմա է. ես գալիս եմ Հայաստան և կես ժամվա մեջ գրանցում իմ կազմակերպությունը: Եթե հանկարծ «Carrefour»-ը գա, այ էս շենքի մոտ տարածք վարձակալի, որևէ մեկն ասելու է տարածք չտա՞ս», -զարմացած հարցեր էր տալիս Վարդան Այվազյանը:
Նշենք, որ ըստ որոշ հրապարակումների, ֆրանսիական խոշորագույն «Carrefour» սուպերմարկետների ցանցը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ճնշմամբ հրաժարվել է Հայաստանում մասնաճյուղ բացել: