Ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղել են Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահի խոսքերը
Լիտվայի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Բենեդիկտաս Յուոդկան պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հաստատել է Սեյմի անփոփոխ դիրքորոշումը Հարավային Կովկասի երկարամյա հակամարտությունների վերաբերյալ:
Մասնավորապես, Յուոդկան ընդգծել է ընդունված միջազգային իրավական սկզբունքներին և նորմերին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, որոնք են` ուժի չկիրառումը և միջազգային վեճերի խաղաղ լուծումը, պետական ինքնաշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ հարգանքը: Ինչպես նշում է հանձնախմբի նախագահը, դա ամրագրված է Լիտվայի Հանրապետության Սահմանադրության 1-ին մասի 135-րդ հոդվածում, ինչպես նաև Միացյալ Ազգերի Խարտիայում և Հելսինկյան ամփոփիչ ակտում:
Ադրբեջանական մամուլը, և մասնավորապես «Թրենդ» լրատվական գործակալությունը, աղավաղել են հանձնախմբի նախագահի խոսքերը և կամայականորեն «գրաքննել» հայտարարության տեքստը, հանելով մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող հատվածը:
Ակադեմիկոս Յուոդկան ընդգծում է, որ Միացյալ ազգերի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ, ԵԽ և Եվրախորհրդարանի կողմից ընդունված են փաստաթղթեր, որոնք հրամայաբար կոչ են անում խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա լուծել Լեռնային Ղարաբազի ձգձգված հակամարտությունը:
Հանձնախմբի նախագահը ընդգծել է, որ Արևելյան գործընկերությունը կլինի 2013 թվականի երկրորդ կեսի գերակայություններից մեկը, երբ Լիտվան ստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը, և որ Արևելյան գործընկերության բարձրագույն մակարդակով երրորդ հանդիպումը կանցնի Լիտվայում: Նա հիշեցրել է, որ Արևելյան գործընկերության պետությունների երկարամյա հակամարտությունները խոչընդոտում են գործընկեր պետությունների քաղաքական և տնտեսական զարգացմանը, ըստ այդմ` հակամարտությունների կարգավորումը պետք է լինի ԵՄ և այլ միջազգային կազմակերպությունների գլխավոր քաղաքական խնդիրներից մեկը: Նա արձանագրել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի:
Յուոդկան համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հետագա հարաբերությունները Եվրոպական Միության հետ կխորանան, և որ Ասոցացման մասին համաձայնագիրը բացում է հակամարտության լուծման նոր հնարավորություններ: Նա կողմ է արտահայտվել ԵՄ ավելի ակտիվ դերին այս խնդրի լուծման մեջ, հատկապես կողմերի միջև վստահության ձևավորման գործում: Նա ընդգծել է նաև հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին