Ջերմաստիճանի կտրուկ տատանումների հետևանքով գյուղատնտեսությունը էական վնասներ չի կրել
Ջերմաստիճանի կտրուկ տատանումների հետևանքով գյուղատնտեսությունը էական վնասներ չի կրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Մարտի սկզբին, ինչպես նաև մարտի 18-ի լույս 19-ի և 19-ի լույս 20-ի գիշերը, երբ հանրապետությունում ջերմաստիճանն իջավ մինչև -7 աստիճանի, ըստ փոխնախարարի, մտահոգություն կար, որ հատկապես խաղողի բացված այգիները կցրտահարվեն, սակայն դիտարկումները ցույց են տվել, որ այգիները չեն ցրտահարվել:
Գ.Պետրոսյանի խոսքերով՝ մեկ մտահոգություն ևս առաջացել է այն ժամանակ, երբ ջերմաստիճանը սկսել է կտրուկ բարձրանալ: Բարեբախտաբար, ըստ նրա, ջերմաստիճանի բարձրացումը այդքան էլ մեծ չէր, տեղումներն այդքան էլ շատ չեն եղել, հեղեղումների վտանգ չի գրանցվել, ինչի արդյունքում էլ գյուղատնտեսությունը էական լուրջ վնասներ չի կրել:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Արարատյան դաշտավայրում, մասնավորապես, նախալեռնային գոտում, ինչպես նաև հանրապետության բարձրադիր գոտում ձյան ծածկույթն արդեն բացակայում է և իրենց դիտարկումները ցույց են տվել, որ հացահատիկային մշակաբույսերի ձմեռացումը ընթացել է բնականոն հունով և այստեղ ևս շեղումներ չեն արձանագրվել:
Այդուհանդերձ, ինչպես նշեց Գ.Պետրոսյանը, թեև այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է ընթանում, սակայն դեռ վաղ է կանխատեսումներ անել: «Ամեն ինչ կարծես թե գնում է բնականոն հունով, բայց գյուղատնտեսությունն ունի անկանխատեսելի իրավիճակներ: Ուստի միայն ապրիլի վերջին կարող ենք կոնկրետ ռեալ իրավիճակը գնահատել, ինչպես նաև կանխատեսումներ անել, քանի որ ցրտահարությունների հիմնական վտանգը Արարատյան դաշտավայրում մինչև ապրիլի 20-22-ը պահպանվում է»,-ասաց Գ.Պետրոսյանը: