ՀՀԿ-ից հնչող հայտարարությունները Նաիրա Զոհրաբյանը համարեց ամբարտավանություն
«Ես քաղաքական ամբարտավանություն եմ համարում այն հայտարարությունները, թե մենք Երևանը չենք զիջելու: Երևանը որևէ քաղաքական ուժի կամ որևէ մի խումբ մարդկանց գրպանում չէ, որ նրանք որոշեն գրպանից Երևանը հանեն տա՞ն, թե՞ ոչ: Ամբարտավանություն եմ նաև համարում այն հայտարարությունները, թե ավագանու ընտրություններում առաջին տեղը կանխորոշված է», -այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նախօրեին Հանրապետական կուսակցության գործադիր նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե ավագանու ընտրություններում պայքարը գնալու է երկրորդ արդար տեղի համար, քանի որ առաջին տեղն իրենք հաղթելու են:
«Նման վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ընտրողի հանդեպ, նման հայտարարությունները` մեր դեմ խաղ չկա, միշտ կանգնեցնելու են լրջագույն խնդիրների առջև: Չի փրկելու ոչ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կոմպլիմենտները երկու կողմից միմյանց շռայլվող, ոչ էլ եվրոչինովնիկների հաճոյախոսությունները: Պիտի ընդունենք, որ մայիսյան ընտրություններից հետո Հայաստանում լուրջ բարոյահոգեբանական բեկում է տեղի ունեցել. Մենք այսօր ունենք քաղաքացի, որը պատրաստ է քվեի համար պայքարել: Նման ամբարտավան հայտարարություններ անողներին հորդորում եմ հաշվի նստել ՀՀ քաղաքացու հետ: Կրկնում եմ` մեր դեմ խաղ չկա բանաձևը տանելու է փակուղի», -հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Ըտեղ ի՞նչ ամբարտավանություն կա,- ճեպազրույցի իր հերթի ժամանակ զարմացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ու հավելեց, - Իրենք էլ կարող են հայտարարել առաջին տեղի մասին: Եվ հետո` եթե Հանրապետականը երրորդ-չորրորդ տեղում լինի, էս քաղաքի վիճակն ի՞նչ կլինի»: