ՄԻՊ-ը մտահոգ է. Կարիք կա հսկողություն սահմանել այլ հուշարձանների նկատմամբ նույնպես
ՄԻՊ աշխատակազմն այսօր հրապարակել է Օմբուդսմենի տարեկան զեկույցի Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության ոլորտում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հատվածը:
Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Մշակույթի նախարարություն
• Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես:
• Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը:
• Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը ՀՀ բոլոր մարզերում հավասարապես ապահովելու համար:
• Խիստ մտահոգության տեղիք է տալիս մշակութային հաստատությունների շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու հարցը:
• Արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հնարավորինս ապահովելու համար:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
• Նախարարության կողմից 2012 թվականի ընթացքում իրականացվել են ընդամենը երեք միջոցառումներ և հանրապետության ոչ բոլոր մարզերում:
• Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը:
• Առանձին դեպքերում, քաղաքացիների կողմից խնդիր է բարձրացվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի գործընթացի թափանցիկության և չարաշահումների վերաբերյալ:
• Շարունակում է արդիական մնալ ՀՀ մարզերում բակերի, մասնավորապես` ֆուտբոլային դաշտերի, խաղահրապարակների կառուցապատման խնդիրը:
• Բացակայում է անհրաժեշտ ֆինանսավորում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգավելու և մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելու համար:
• Երիտասարդների համար զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում լուծում չի ստացել:
Արձանագրված դրական զարգացումները
• Նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2012 թվականի ընթացքում տրամադրվել է 50 դրամաշնորհ:
• Եկեղեցիների և այլ պատմամշակութային կենտրոնների վերանորոգման ու վերականգնման համար 2012 թվականին ձեռնարկվել են մի շարք միջոցներ, մասնավորապես` հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, վերջիններիս վերանորոգում և վերականգնում:
• Ազգային փոքրամաuնությունների մշակույթի բացահայտման, փոխճանաչման, զարգացման, պահպանման, մշակութային համագործակցության նպատակով իրականացվել են միջոցառումներ, մասնավորապես` արվեստի փառատոներ, մրցույթ-ցուցահանդեսներ, ինչպես նաև գրադարանային հավաքածուների կազմը համալրվել է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով գրականությամբ:
• Իրականացվել է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 86900 միավոր գրականության անվճար բաշխում ՀՀ մարզային, համայնքային զորամասերի գրադարաններին, արտերկրի հայկական կազմակերպություններին, իսկ Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն համալրվել է արտերկրից առաքված 2353 միավոր հայագիտական գրականությամբ: