Ռ.Հովհաննիսյան. Հայաստանը պետք է սառը պահի հարաբերությունները Թուրքիայի հետ
Հայաստանը պետք է լավ պատրաստվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, քանի որ Թուրքիայի կառավարությունն այս պահին ակտիվորեն նախապատրաստվում է հայկական գործունեությանը հակազդելու համար: «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հայագիտության ամբիոնի ղեկավար Ռիչարդ Հովհաննիսյանը:
Բանախոսը նշեց, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին պատրաստվելու համար պետական հանձնաժողով է ստեղծվել, որը աշխատանքներ է տանում հայկական քարոզչությանը հակազդելու համար:
«Դա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ շատ արագ և լավ կազմակերպենք, մշակութային բազմազան միջոցառումների շնորհիվ միջազգային հանրությանը լսելի դարձնենք մեր ձայնը»,-ասաց նա, կարևորելով այսօրվա նման գիտաժողովների կազմակերպումը՝ որպես հետագայի քայլերը համակարգելու և հստակեցնելու հնարավորություն:
Ըստ բանախոսի՝ հուսադրողը նաև այն է, որ Թուրքիայում շատ գիտնականներ չեն ընդունում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իրենց կառավարության դիրքորոշումը և անընդհատ ուսումնասիրություններ են կատարում ցեղասպանության հետ կապված նոր մանրամասներ բացահայտելու ուղղությամբ:
Փորձագետը մտահոգություն հայտնեց, որ Թուրքիայի կառավարությունը, հայկական կողմին հակազդելու հետ մեկտեղ, երբեմն հայերին սիրաշահելու փորձեր է անում՝ հանդես գալով անցյալը մոռանալու և համերաշխության կոչերով: «Ոչ մի հայ երբեք չպետք է տուրք տա այդպիդի կոչերին և սիրաշահումներին: Քանի դեռ Թուրքիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը պետք է սառը պահի հարաբերությունները այդ երկրի հետ», - ասաց նա:
Ռ.Հովհաննիսյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար շատ կարևոր է հարցի շուրջ աշխարհասփյուռ հայության միասնական դիրքորոշումը: «Այս հարցում մենք պետք է միասնական լինենք, պետք է հստակ սահմանենք մեր դիրքորոշումներն ու գերակա խնդիրները, մոտակա և հեռակա նպատակները: Առաջին հերթին հայկական կողմը պետք է հասնի նրան, որ Թուրքիան այլևս չխեղաթյուրի ցեղասպանության փաստերը և ընդունի իր պատմությունը», - նշեց Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հայագիտության ամբիոնի ղեկավարը: