Ցեղասպանագետ. Միջազգային ատյաններ դիմելու համար պետք է վավերացնել Հռոմի ստատուտը
Հայաստանի Հանրապետությունը պետք է վավերացնի Հռոմի ստատուտը, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնի միջազգային դատարաններում: Այս մասին «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակներում՝ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Գերմանիայից ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանը: Վերջինս գիտաժողովում ներկայացնում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրություն. ձեռքբերումներ և հեռանկարները» զեկույցով:
«Հայաստանի Հանրապետության առջև խնդիր է կանգնած Հայոց ցեղասպանության իրականության հաստատման հարցով դիմելու միջազգային դատական ատյաններ: Եվ թեև ցեղասպանության իսկական իրականացնողնեևը կենսաբանորեն արդեն չկան, բայց այդ հարցը վերաբերվում է նրանց իրավահաջորդներին և թուրքական պետականությանը, և այդ դեպքում հնարավոր է, որ ընդունվի փաստացի հետադարձ ուժ ունեցող վճիռ», - ասաց նա:
Բանախոսի գնահատմամբ, ՀՀ Սահմանադրական դատարանը՝ մերժելով Հռոմի ստատուտի հաստատումը, փակուղային դարձրեց միջազգային դատարան դիմելու գործընթացը: Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ դատական գործընթացների հետ:
Միաժամանակ, ըստ ցեղասպանագետի, կարևոր հարց է, թե արդյոք որքանով է Թուրքիան իրեն համարում Օսմանյան կայսրության իրավահաջորդը: «Երբ արծածվում է Ցեղասպանության հարցը, թուրքական իշխանությունները շեշտում են, թե Թուրքիայի Հանրապետությունը որևէ կապ չունի Օսմանյան կայսրության հետ, սակայն իր քաղաքականությամբ, մանավանդ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և Էրդողանի կառավարությունը վարում են բացահայտ նեոօսմանական քաղաքականություն և փաստացի համարում են իրենց այդ կայսրության իրավահաջորդներ», - ասաց Թեսսա Հոֆմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան