Ուրիշի պատերազմը...«Երբ սիրիահայերին հարցնում ես, թե որ կողմին են սատարում, ասում են` խաղաղություն են ուզում». BBC-ի անդրադարձը
Ինչպես մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ այսօր` իրենց նախնիների պես, սիրիաբնակ հայերը կրկին գաղթի ճանապարհն են բռնել` այս անգամ փախչելով սիրիական պատերազմի արհավիրքում չհայտնվելու սպառնալիքից: Գրում է «ԲիԲիՍի» հեռուստառադիոընկերության թղթակից Դամիեն Մքգուինեսը` Հայաստանում ապաստան գտած սիրիահայության մասին հոդվածում:
Հեղինակը նախ ներկայացնում է երաժիշտ Սարգիս Ադամյանին, ով Հալեպում հաջողակ կինոկոմպոզիտոր է եղել, սակայն մարտերի թեժացման հետևանքով նախորդ տարի ստիպված է եղել կնոջ և երեխայի հետ Հայաստան ժամանել և այժմ երևանյան ռեստորաններից մեկում դաշնակահար է աշխատում:
«Նրա ստեղծագործություններում միահյուսվել են մերձավորարևելյան երաժշտական մելանխոլիան հայկական հինավուրց ժողովրդական գործիքավորման հետ: Այն զգացմունքային ձոն է` իր հայրենի Հալեպին, որը ստիպված է եղել լքել ծանր մարտերի պատճառով: Ադամյանը էթնիկ հայ է, սակայն սերունդներ ի վեր նրա ազգականներն ապրել են Սիրիայում, այն հազարավոր հայերի նման, ովքեր այժմ անհնար են համարում Սիրիայում բնակվելը ինչպես ընթացիկ պատերազմի, այնպես էլ ապագայի հանդեպ անորոշության հետևանքով», - գրում է հեղինակը:
Սիրիայից ժամանած հայերի մտավախությունների շարքում նշվում է իսլամիստ ապստամբների զինումը, ինչը վտանգի տակ կարող է դնել քրիստոնյա համայնքի անվտանգությունը: Այս համատեքստում նշվում է, թե նախագահ Բաշար ալ-Ասադն ու նրա հայրն ավանդաբար հանդուրժողաբար են վերաբերվել ոչ մուսուլմանական համայնքներին:
«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ, սիրիական հակամարտության սկզբից ի վեր մոտ 10 հազար էթնիկ հայերն են Սիրիայից տեղափոխվել Հայաստան, նրանցից 7 հազարը` դիմել բնակության իրավունք ստանալու:
Հալեպում բնակվել են շուրջ հարյուր հազար հայեր, ովքեր Սիրիայում ավանդաբար միջին խավի վաճառականներ են եղել և պատերազմի արհավիրքի հետևանքով կորցրել են իրենց բիզնեսները: «Երբ հարցնում ես, թե որ կողմին են սատարում պատերազմում, նրանք խուսափում են աջակցության խոսքեր հղել թե՛ ապստամբներին, թե՛ կառավարական զորքերին, այլ ասում են, թե ընդամենը խաղաղություն են ցանկանում: Այնուհանդերձ, շատ հայեր սարսափում են, որ կառավարամետ ներկայացվելու դեպքում կարող են թիրախ հանդիսանալ ընդդիմադիրների համար: Նույն կերպ նրանցից շատերը վախենում են իշխանությունների վրեժխնդրությունից, եթե հանդես գան հեղափոխական ուժերի օգտին», գրում է հեղինակը:
Նշվում է, թե Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը սիրիական հակամարտության հարցում չեզոք է:
Հետուստաընկերության թղթակիցն այցելել է նաև Երևանում գործող սիրիահայ երեխաների դպրոց, որում արաբերեն ծրագրերով ուսում են ստանում 7-8 տարեկան մոտ 300 երեխա, որոնց ծնողները մարտերի ավարտից հետո Սիրիա վերադառնալու մասին հույսեր են փափագում: Պատերազմի մասին հիշողությունները թարմ են նույնիսկ երեխաների մոտ:
Ութամյա Լիլիթ Դոշոխլանյանը պատմել է, թե ինչպես Դամասկոսում իրենց տան հարևանությամբ գտնվող դպրոցը մի օր տանկերի կրակի տակ է հայտնվել, ինչի հետևանքով հիմնովին քանդվել է: «Եվ այդպես մենք որոշեցինք հեռանալ, քանի դեռ իմ հաճախած դպրոցը ևս չէր ավերվել», - պատմել է Լիլիթը: Երեխաներից շատերը կիսվել են իրենց կարոտի, Սիրիայում մնացած ընկերների մասին:
Դպրոցում դասավանդում են 16 ուսուցիչ, բոլորը` Սիրիայից ժամանած էթնիկ հայեր: Նրանցից Նորա Փիլիփոսյանը խոսել է դպրոցի կազմավորման մասին, որն իրագործվել է Հայաստանի կառավարության օժանդակությամբ:
«Այնքան տխուր եմ, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում այս օրերին Սիրիայում: Աստված գիտի, ինչը է լինելու հետո: Մենք այնտեղ ենք ծվել, մեծացել և դպրոց հաճախել: Մեր տներն այնտեղ են, մեր սիրիացի ընկերներն այնտեղ են, նրանց հետ ապրել ու աշխատել ենք: Իսկ այժմ ամեն ինչ հետևում ենք թողել», - լրագրողի հետ զրույցում ասել է ուսուցչուհին:
«ԲիԲիՍի»-ն գրում է, թե հայրենիքում հանգրվանած սիրիահայերի ու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից 1915 թ-ին իրագործած կոտորածներից գաղթած փախստականների միջև զուգահեռները լավ են հասկանում Հայաստանում, և դրա համար էլ ջերմ ընդունելության արժանացնում:
«Նույնիսկ աղքատ Հայաստանի պարգայում, որտեղ գործազրկության մակարդակը մոտ 20 տոկոս է, չկա հասարակական դժգոհություն փախստականների նկատմամբ, ովքեր կարող են զբացեղնել առանց այն էլ նվազ աշխատատեղերն ու բնակության վայր ձեռք բերել: Ճիշտ հակառակը` տեղացիներն իրենց դռներն են բացել հայրենակիցների առջև: Կազմակերպվել են բարեգործական ակցիաներ, օգնել հագուստով, աշխատանքով և տնով ապահովելու հարցերում»:
«Բոլորն էլ հասկանում են, որ նրանք ժառանգներն այն հայերի, ովքեր զոհվել են ցեղասպանության տարիներին: Մենք բոլորս էլ փորձում ենք որևէ կերպ օգնել նրանց», - զրույցում ասել է ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցներից Ֆիրդուս Զաքարյանը:
Հեղինակը նկատում է, թե նախահայրերի նման արմատախիլ լինելու հեռանկարն իրոք ցավալի է: Սակայն այս անգամ հայերը չեն փախչում իրենց դեմ ուղղված բռնությունից, այլ քաղաքացիական պատերազմից, որը հետզհետե ավելի ու ավելի վտանգավոր է դառնում բոլորի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում