Ո՞վ կղեկավարի Երևանի քաղաքապետարանը
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրացուցակին` «Голос Армении»-ն գրում է.
«ՀՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիների կողմից բավական լոյալ վերաբերմունք է ստանում, վերջինս ընկալվում է որպես քաղաքային իշխանությունների լավ տնտեսվարող: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա կուսակցության ընտրացուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին դժվար է պատկերացնել քաղաքապետի դերում: Բացի այդ` թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ-ն ներկայացված է նաև Երևանի ներկայիս ավագանիում և այս ողջ ընթացքում աչքի չի ընկել այլընտրանքային ծրագրերի ներկայացմամբ կամ ակտիվ գործունեությամբ: Երևանի ներկայիս ավագանիում առկա է մեկ այլ քաղաքական ուժ` Հայ ազգային կոնգրեսը, սակայն Կոնգրեսի ներկայությունը ավագանու կազմում դե յուրե բնույթ է կրում, քանի որ այսքան ժամանակ ՀԱԿ-ը որևէ կերպ չի մասնակցել ավագանու աշխատանքներին»:
Անդրադառնալով «Ժառանգության» «Բարև Երևան» դաշինքի ցուցակին` «ГА»-ն նկատում է, որ ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը երբևէ ղեկավար պաշտոններ չի զբաղեցրել, և շատ մեծ հարց է` կկարողանա՞ ինքն այդ գործը գլուխ բերել, թե` ոչ: Անդրադառնալով ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանին` թերթը նշում է, որ վերջինս վառ արտահայտված քաղաքական գործիչ է, և ՀՅԴ-ի մասնակցությունը ավագանու ընտրություններին ընդամենը քաղաքական գործընթացներից դուրս չմնալու փորձ է: