Սկսվում է Ավագ շաբաթը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:
Մարտի 25` Ավագ երկուշաբթի: Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է: Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին՝ խորհրդանշելով հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասվող պատուհասը։ Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման մասին՝ զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության։
Մարտի 26` Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը եղավ նաև Երուսաղեմի Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Ավագ երեքշաբթի օրը Քրիստոս ընդհարվեց փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես որոշեցին մահվան մատնել Տիրոջը։ Այս օրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը՝ իբրև հորդոր՝ առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին։
Մարտի 27` Ավագ չորեքշաբթի: Մեր Տիրոջ մատնության, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օրն է: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը, մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսի ոտքերը, ինչը խորհրդանշում էր Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:
Մարտի 28` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է:
Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին մատուցվում է Ս. Պատարագ (ժ. 11.00-ին):
Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում կօրհնվի յուղը: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:
Մարտի 29` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն և Խաչելության կարգ (սկիզբը ժ. 11.00-ին), ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը:
Երեկոյան կատարվում է Թաղման կարգ՝ հանդիսավոր թափորով (սկիզբը` ժ. 17.00-ին), որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
Մարտի 30` Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում, Ճրագալույցի Ս. Պատարագ: Շաբաթ օրը Տերը Մարմնով մնաց գերեզմանում, իսկ Հոգով իջավ դժոխք և ազատագրեց արդար ննջեցյալների հոգիները։ Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Ս. Պատարագ (սկիզբը ժ. 18.00-ին), երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը: Ս. Պատարագից հետո կատարվում է Ս. Հարության նախատոնակ, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։
Մարտի 31` Կիրակի: Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին: