ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի հովանավոր
«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի չորրորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Մրցաշարի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ֆուտբոլի վետերան, վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը: Պարային համարով իր մասնակցությունն է ունեցել նաև «Արաբկիր» պարային համույթը:
Մրցաշարին կմասնակցի mamul.am, News.am, emedia.am կայքերի, «Արևածաղիկ», «Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրերի, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձևավորված 8 թիմ:
Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի: Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձև եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաև երրորդ տեղի համար:
Մրցաշարի փակման արարողությունը կկայանա ապրիլի 6-ին: Հաղթող թիմը կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2013» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս կստանան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների կարժանանան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:
ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների և բուհերի ուսանողների (Լև Յաշինի գավաթ) թիմերի միջև անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան