Երևան-Բեյրութ օդային հաղորդակցությունը խաթարված է. Ինչո՞ւ է ուշանում աուդիտը
Մոտ երեք շաբաթ է` խաթարված է Երևան-Բեյրութ և հակառակ ուղղությամբ օդային հաղորդակցությունը: Հավանաբար առաջիկա չորեքշաբթի օրն էլ ուղևորները ստիպված կլինեն կամ տոմսերը վերադարձնել կամ էլ երկարաձգել` սպասելով Բեյրութ մեկնելու հնարավորությանը:
Լիբանանյան կողմը «Արմավիա»-ին մեղադրում է С–chek չանցնելու մեջ, մինչդեռ այստեղ ընկերության ընկերայացուցիչները պնդում են, որ Բեյրութի կողմից հայկական օդանավը չընդունելն անօրինական է:
«Արմավիա»-ի օդանավը տեխնիկական խնդիրներ չունի, այն անցել է С -chek (տեխնիկական սպասարկման տեսակ) և նոր է վերադարձել արտերկրից»,-ավելի վաղ հայտնել էին ընկերությունից:
Ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ասաց, թե չեն կարող տրամադրել տեխսպասարկում անցնելու մասին վկայող փաստաթղթերը, սակայն օդանավը սպասարկումից վերադարձել է այս տարվա մարտի 1-ին և այն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ օդանավը չի թռել 4 հազար ժամ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը Panorama.am-ին ասաց. «Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ընկերությունում ցանկանում են աուդիտ անցկացնել, ինչից հետո այն կշարունակի բնականոն աշխատանքը»:
Հավելյալ ինֆորմացիա, թե ում կողմից պետք է աուդիտ անցկացվի, որն է այս պարագայում ՔԱԳՎ անելիքը, վարչությունից չտրամադրեցին:
Ն. Ավետիսովան ասաց, որ լիբանանյան կողմն է պահանջել ընկերությունում ասուդիտ անցկացնել, իրենք, ըստ նրա, համաձայնել են: Բայց մինչ այս պահը որևէ մեկը Հայաստան չի եկել` աուդիտ իրականացնելու նպատակով: Ինչո՞ւ:
«Արմավիայում սպասում են, որ գան ու աուդիտ անցկացնեն: Մենք սպասում ենք: Հենց նույն օրը նույն ժամին ենք ասել: Ի՞նչ իմանամ, ինչու չեն գալիս: Մենք պատրաստ ենք, կգա՞ն, թե՞ չեն գա, ե՞րբ կգան, ես չեմ կարող ասել»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Panorama.am-ին ասաց, որ ԱԳՆ-ն այս խնդրով չի զբաղվում, քանի որ ընկերությունն իրենց համապատասխան աջակցության հարցով չի դիմել: Լիբանանում Հայաստանի դեսպանատնից էլ որևէ բան չասացին, նշելով, թե ողջ ինֆորմացիան կարող է տրամադրել ԱԳՆ-ն: