Աղվան Վարդանյան. Մրցակցությունը թեժ է լինելու
Երևանի ավագանու ընտրությունները, բնականաբար, քաղաքական են: Ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«Մենք նոր ենք դուրս եկել հերթական նախագահական ընտրություններից: Մեր հասարակության զգալի հատվածը իր բողոքը, անհամաձայնությունն է արտահայտել իշխող կուսակցությանը: Այս մթնոլորտը, բնականաբար, տեղափոխելու է նաև ավագանու ընտրություններ»,- ասաց նա:
Ա. Վարդանյանը նշեց, որ ավագանու ընտրությունները ոչ թե առաջին համարների ընտրություն է, այլ քաղաքական ուժերի:
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ հիմնական կարգախոսն է լինելու` «Երևան` փոխիր Հայաստանը»:
«Դաշնակցությունը իր բոլոր ուժերը, հնարավորությունները ներդել է ընտրություններին մասնակցելու համար: Այս ընտրությունները ՀՅԴ-ի պատվի, արժանապատվության, կուսակցության հեղինակության խնդիրն է, ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Խնդիր ենք դրել մեր իսկական ազդեցությունը, կշիռը արձանագրենք այս ընտրությունների արդյունքով»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը` ընդգծելով, որ իրենց հնարավորությունները գնահատում են բարձր ու ամեն ինչ անելու են, ՀՅԴ իրական դեմքը ցույց տալու համար` արժանահավատ արդյունքեր ապահովելու միջոցով:
Նա ցավով նշեց, որ հնարավոր չեղավ, որ Երևանի ավագանու ընտրություններին բոլոր ընդդիմադիր ուժերը միասնական ցուցակով մասնակցեն, միաժամանակ հավելեց. «Գուցե լավ է, որ այսպես ստացվեց: Բայց մեր խիղճը մաքուր է, որովհետև մենք ամեն ինչ արեցինք, չստացվեց»:
Ա. Վարդանյանը կարևորեց նաև ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտի միավորումը: ՀՅԴ-ական պատգամավորը նաև մեղադրեց իշխող կուսակցությանը, որ արդեն սկսել է վարչական ռեսուրսների կիրառումը:
«Մրցակցությունը թեժ է լինելու»,- համոզված է նա:
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: Ընտրություններին մասնակցելու են յոթ քաղաքական ուժեր` ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Առաքելություն», «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: ՀՅԴ ընտրացուցակում, որով կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ներկայացված է 65 անուն: ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրորդ հորիզոնականում նույն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է, եռյակը եզրափակում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նախորդող նորություն` ՀՅԴ ցուցակում ` ԱԺ վարորդ, զանգերի կենտրոնի օպերատոր ու մատակարար