Հայ-վրացական նմանություններ գենդերում. «Պետությունն այնքան էլ չի օգնում կանանց, որ նրանք կայանան ու իրացնեն իրենց ներուժը»
2012թ-ի հուլիսից սկսած Հայաստանում և Վրաստանում իրականացվել է «Կանանց և երիտասարդների քաղաքական իրավունքների ու հնարավորությունների հզորացումը» ծրագիրը, որի ամփոփումն այսօր տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Ծրագրի նպատակն էր ավելացնել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական ինստիտուտների մասնակցությունը քաղաքական գործընթացներում, ինչպես նաև ակտիվացնել կանանց և երիտասարդության դերը ու հատկապես տարածաշրջանային գործընթացներում` սոցիալական, քաղաքական, մշակութային:
«Ծրագրի շրջանակում անցկացվել են մի շարք հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ-հանդիպումներ, ներգրավվել հասարակական կազմակերպություններ, ձևավորվել նպատակային հանձնաժողովներ, որոնց ուշադրության կենտրոնում կանանց հիմնախնդիրներն են այն կոնտեքստում, որ կանայք պետք է ակտիվանան որոշումներ կայացնող գործընթացներում: Մենք պետք է վեր կանգնենք այն կարծրատիպից, որ կինը միայն ընտանիքի մայր է ու երեխա դաստիարակող»,- հանդիպմանը հայտարարեց Oxfam Georgia-ի ներկայացուցիչ Թամար Վաշակիձեն: Նա նաև ավելացրեց, որ հարևան երկրների միջև շփումները կարևոր են, բայց հատկապես կարևոր է կանանց և երիտասարդության շփումը:
Իսկ խնդիրների, ինչպես նաև Հայաստանի ու Վրաստանի նմանությունների մասին խոսեց քննարկամն մյուս մասնակիցը. «Մենք իրականացրել ենք մի մեծ հետազոտություն, որը թույլ տվեց հասկանալ, թե որտե՟ղ էինք մենք գտնվում պրոեկտի մեկնարկի ժամանակ և ի՟նչ ձեռքբերումներ ունենք այսօր»,- հայտարարեց կանանց և երեխաների իրավունքների հիմնահարցերով զբաղվող «DEA» հասարակական կազմակերպության ղեկավար Մադոննա Խարեբավան:
Նրա խոսքով, Վրաստանի օրենսդրությունը գենդերային իմաստով ավելի շատ չեզոք դիրք ունի, սակայն այդ չեզոքությունն էլ չունի դեպի դրականը տանող միտումներ, ինչը անհրաժեշտ է վերանայել. «Պետությունն այնքան էլ չի օգնում կանանց, որպեսզի նրանք կայանան ու իրացնեն իրենց ներուժը, և կանայք էլ անվստահությամբ են վերաբերում նմանատիպ խնդիրներին: Կանանց մասնակցության ավելացմանը, ըստ իս, խանգարում են ավանդական հայացքները` կնոջ տեղը միմիայն ընտանիքում է և այլն: Սրա արդյունքում էլ մենք հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի, երբ կինը շատ ցածր ինքնագնահատական ունի»,- ներկայացնելով անցկացրած հետազոտության արդյունքները հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է մարզային կանանց, ապա, ըստ բանախոսի, գյուղաբնակ կանանց պատկերացումներն ու տեսակետները արմատապես տարբերվում են քաղաքաբնակ կանանց մտածելակերպից:
Մ.Խարեբավան տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակում ձևավորված հանձնաժողովների աշխատանքներին ներգրավվել են նաև տղամարդիկ, որպեսզի հասարակությունը ավելի ճիշտ ընկալի գենդերային հավասարության խնդիրը, քանի որ գենդերային հավասարությունը իրականում միայն կանանց չի վիրաբերում. «Գենդերային հավասարության հարցերը իրականում շատ ցավոտ են... այո, ունենք կանանց հիմնահարցերով զբաղվող բազմաթիվ կազմակերպություննեև, բայց այդ խնդիրները, միևնույն է, շարունակում են մնալ նույն շրջանակի մեջ, քանի որ այդտեղ չկան տղամարդիկ: Այնպես որ տղամարդկանց ներգրավումը այս հարցերում չափազանց կարևոր է ու անմիջապես առաջընթացը նկատելի կլինի: Առհասարակ` հասարակությունը պետք է ներգրավվի»,- հավելեց նա:
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է բրիտանական Oxfam կազմակերպության կողմից: Փետրվարի կեսին Վրաստանի ներկայացուցիչները ծրագրի շրջանակում Երևանում էին, որտեղ էլ հայտարարվեց, որ չնայած Հայաստանի ու Վրաստանի կանանց խնդիրները նմանություն ունեն, բայց հայ կանայք ավելի նպատակասլաց են ու համառ և վրացական կողմը Հայաստանը` ծրագրի շրջանակում իբրև գործընկեր, ընտրել է հենց այդ պատճառով` դրական փորձը վերցնելու նպատակով: