«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»-ը՝ ԳԱԿ-ում
Մարտի 27-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվելու է «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսը: Այս մասին տեղեկանում են արվեստի կենտրոնի պաշտոնական կայքից:
«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցադրությունն առաջին անգամ երևան է հանում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում՝ ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանի: Այն ընդգրկում է 62 քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ և կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ:
Շուրջ քառասուն տարի աշխատելով վրձնով՝ անցյալ դարի 80-ական թվականներին Հակոբյանը սկսել է նաև քանդակներ ստեղծել: Աշխատանքային գործիքների մարդակերպ և կենդանակերպ համադրումները, որոնք ի սկզբանե ստեղծվել էին որպես կտավների նոր բնակիչների նախակերպեր, աստիճանաբար սկսել են ընկալվել որպես առանձին քանդակներ: Հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումները ծնունդ են տվել հակոբյանական նոր արարածներին: Վերջին տասնամյակը վարպետի քանդակների ստեղծման ամենաբեղուն շրջանն էր:
Ցուցահանդեսը կտևի մինչև 2013 թ. մայիսի 26-ը: Մուտքն անվճար է:
Հիշեցնենք, որ Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ս. Մեսրոպ Մաշտոց, Հայ եկեղեցու Ս.Սահակ և Ս. Մեսրոպ շքանշանակիր Հակոբ Հակոբյանը մահացել է մարտի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում