ՀՀԿ պատգամավոր. Հովհաննիսյանը կարող է դառնալ ընդդիմության առաջնորդ
«Այսօր և իշխանութունը և ընդդիմությունը պետք է ուժ ունենան համախմբվել և լուծում գտնել ներկայիս իրավիճակը հաղթահարելու համար», - այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Ըստ բանախոսի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված առաջարկը ռացիոնալ էր և պետք է օգտագործել այս պահը՝ հանգուցալուծման ճանապարհները լուծելու համար:
«Ժառանգության» պահանջները դեռ պետք է քննարկվեն՝որքանով է անձերի մեջ կամ համակարգերի», - ասաց նա և հավելեց. «Մենք ուրախ ենք նաև, որ որոշակի բեռ պատրաստ է վերցնել ընդիմությունը, բայց պահանջը պետք է լինի ավելի հիմնավոր»:
Ըստ բանախոսի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջը որևէ կապ չունի ներկա իրավիճակի հետ: Հովհաննես Սահակյանի խոսքով՝ իշխանություները պատրաստ են գնալ Ընտրական օրենսգրքի նոր բարեփոխմանը:
«Հանրապետական կուսակցությունն այս քսան տարիների ընթացքում ունեցավ առանցքային դեր: Նա աշխատեց տարբեր կոալիցիայի շրջանակներում, թեև կոալիցիաները փլուզվում էին: Նա շարունակում է քննադատությունը, բողոքը վերցնել իր վրա: ԱԺ ընտրությունները բավական թափանցիկ էին և միջազգային բոլոր կառույցները դա այնպես գնահատեցին: Որոշ փոփոխություններ նախագահական ընտրություններից առաջ կատարվեցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի քվե է հավաքել, քան Լևոն Տեր Պետրոսյանը, բայց դա չի նշանակում, որ Ազգային Ժողովում «Ժառանգությունը» պետք է ունենա այնքան պատգամավոր, որ ժողովուրդը նրան վստահի: Այսօր նա կարողացավ կոնսոլիդացնել ընդդիմությանը և իր ճիշտ քաղաքականության շնորհիվ կարող է դառնալ դրա առաջնորդը», - ասաց ՀՀԿ ներկայացուցիչը: