Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծումը կհանգեցնի նրա վերջնական մասնատմանը
Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծումը կհանգեցնի այս երկրի վերջնական մասնատմանը: Անդրադառնալով հարևան երկրում ընթացող զարգացումներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Ադրբեջանում վերջին ամիսների ճգնաժամային զարգացումների ամենավառ դրսևորումը հասարակության մեջ հակաբանակային տրամադրությունների ակտիվացումն է: Այն, որ ադրբեջանական բանակի հանդեպ այս առումով վստահություն չկար, հայտնի էր նաև նախկինում: Սակայն ներկայումս հակաբանակային դժգոհությունները դառնում են ակնհայտ և ադրբեջանական զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվող զոհերի պատկառելի թիվը հանդիսանում է հակաիշխանական դժգոհությունների կայուն պատճառներից մեկը: Ներկայումս Ադրբեջանում բանակի և հասարակության միջ առկա է բավական լուրջ անջրպետ»,- նշեց Դավիթ Ջամալյանը:
Փորձագետի կարծիքով, ստեղծված իրավիճակի կարևորագույն շեշտադրումներից մեկն այն է, որ Ադրբեջանում բանակը օգտագործում է որպես բնիկ ժողովուրդների ճնշման և խտրական վերաբերունքի դրսևորման կարևորագույն տիրույթ:
«Ադրբեջանական բանակում, շատ ավելի, քան որևէ այլ պետական հաստատությունում, առկա է բնիկ ազգերի նկատմամբ կիրառվող խտրական վերաբերումքը: Ադրբեջանի ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում գրանցված զոհերի մեջ բնիկ ազգերի ներկայացուցիչները մեծ թիվ են կազմում: Սա ավելի է խորացնում բնիկ ազգերի և անդրկովկասյան թուրքերի միջև առկա անջրպետը: Մյուս կողմից, այս ամենը հանդիսանում է այդ ազգերի մոտ ազգային ինքնագիտակցության ակտիվացման ամենակարևոր գործոններից մեկը»,- ասաց Դ. Ջամալյանը:
«Ներկայումս Ադրբեջանում ընթացող զարգացումները, հատկապես հակաբանակային տրամադրությունների աճը, օբյեկտիվորեն նվազեցնում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հավանականությունը: Երկրում ալիևյան կլանի դիրքերը դառնում են երերուն, ինչին գուհահեռաբար աճում է անվստահությունը բանակի հանդեպ: 1994 թ.-ին անդրկովկասյան թուրքերի բախտը բերեց, որ ադրբեջանական պետականությունը մինչև վերջ չքայքայվեց: Անկախացավ ամենաակտիվ, պասիոնար մասը՝ Լեռնային Ղարաբաղը: Ներկայումս պատերազմի սանձազերծման դեպքում, այս պետական միավորումը կարող է վերջնականապես վերանալ»,- նշեց Դ. Ջամալյանը: