ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՖԼԻՍԸ. Վերանորոգվող Սրբ.Գևորգը, անհանգիստ հայ տաքսիստն ու հավերժ Հավլաբարը (լուսանկարներ)
Գարնանային Թբիլիսին դիմակայում է քամիներին ու փորձում չկորցնել իր դիմագիծը ամենուրեք իրականացվող շինարարական աշխատանքներից բարձրացող փոշու մեջ: Սակայն անգամ այս տեսքով` անհրապույր մռայլ ամպամածության ու կռունկների ու շինարարական աղբի մեջ թաղված Թբիլիսին միևնույն է մնում է գեղեցիկ, ինքնատիպ ու միայն իրեն բնորոշ կոլորիտով հարուստ…. Այն կոլորիտով, որը Վրաստանի գեղեցիկ մայրաքաղաքին հաղորդում են նաև այստեղ բնակվող հայերը:
Հայերի հետքը Թբիլիսիում զգացվում է անմիջապես քաղաք մուտք գործելիս. ավտոկայարանի թեթև խցանումներից դուրս պրծնելով ու աջ թևին բռնելով մշտապես պղտոր ջրերով Քուռը, հասնում ես հին Թբիլիսիի կենտրոնը` Մեյդանը, որտեղ միմյանց հարևանությամբ վեր են խոյանում թե' վրաց եկեղեցիները, թե' սինագոգը, թե' հայկականները` Սրբ.Նորաշենը, որը մինչ օրս շարունակում է կռվախնձոր լինել բարեկամ երկրների հոգևոր ու նաև քաղաքական կյանքում, ինչպես նաև Սրբ.Գևորգը: Վերջինս սիրված է նաև վրացիների կողմից, քանի որ նրանց պաշտելի Սայաթ-Նովայի գերեզմանը հենց այս հին եկեղեցու բակում է ու տարին մի քանի անգամ` Սայաթ Նովայի ծննդյան օրը և այլ տոներին, Սրբ.Գևորգի փոքրիկ բակում հայերի ու վրացիների համախմբում է տեղի ունենում… Ի դեպ, երկու ժողովուրդներին համախմբում է ևս մեկ սեր` թե' վիրահայերը, թե' վրացիները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շարունակում են անվանել հին ձևով` Թիֆլիս ... կամ ավելի փաղաքշական` Թիֆլիսո (Թբիլիսի Վրաստանի մայրաքաղաքը վերանվանվել է 1937թ-ին ):
1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից` 631 թ-ին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում կառուցված Սրբ.Գևորգը այսօր տեսանելի չէ շինարարության հետևում, նրա շուրջ բոլորը առկա փայտային «հագուստները» վկայում են, որ եկեղեցին վերջապես վերանորոգման փուլում է գտնվում. «Դա տեսանելի չէր մարդկանց, բայց եկեղեցու պատերը ճպճպում էին ջրի մեջ, խոնավությունը վնասում էր եկեղեցուն` է~ն սովետի տարիներին, 20-ականներին էր վերջին անգամ եկեղեցու վրա ռեմոնտնի գործ արվել... ստորգետնյա ջրերն էին ավիրում, ամենաշատը տուժում էին որմնանկարները: Իսկ դրա դեմն առնել էր պետք, որովհետև այդքան էլ շատ չեն էն եկեղեցիները, էն էլ օտարի հողում, որի պատերը զարդարել են Բաշինջաղյանն ու Հովնաթանյանը... էնպես որ մի տարուց արի` Գևորգը քեզ կդիմավորի, աղջիկ ջան»,- շինարարության մեջ գտնվող եկեղեցու այդուհանդերձ չկողպված դարպասների մոտ մեզ ասաց եկեղեցու մոմավաճառ ներկայացած մի կին:
Նրա խոսքով` վրաց իշխանությունների «դաբրոն» ստացած վերականգնման աշխատանքների ավարտին Սրբ.Գևորգը կներկայանա վերականգնված որմնանկարչությամբ ու պղնձե թիթեղապատ գմբեթով, ինչը վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցու լինելու վկայությունն է: Վերջում էլ ավելացրեց` ոչ մի եկեղեցի իրավունք չունի իր դռները փակել հավատքով ապրող մարդկանց դիմաց, այնպես որ եթե հայը ուզում է աղոթել, նա գիտի` որտեղ դա կարող է անել....
Ի՟նչ Թիֆլիս առանց Հավլաբարի: Թեև այսօրվա Հավլաբարը ամենևին էլ տասնամյակներ առաջվանը չէ, բայց այդուհանդերձ դրա հենց սրտում մինչ օրս էլ առկա են հայկական «խորհրդանիշները»` ամենագլխավորը` Սրբ.Էջմիածին եկեղեցին ու հայկական դրամատիկական թատրոնը: Նրանց շրջապատում են անթիվ - անհամար խանութներ, որտեղ վաճառում են հայերը, կոշկակարանոցներ` հայ վարպետներով («լուչշի տուֆլի-պաչինկա զդես» գովազդային աղաղակով), իսկ բոլորովին վերջերս էլ նրանց հարևանությամբ հավերժացավ «միմինոյական» Մհեր Մկրտչյանը:
Դեռ մի քանի տարի առաջ Հավլաբարի հայերը լուրջ մտահոգվելու տեղիք ունեին` լուրեր էին շրջանառվում, թե նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է Հավլաբարը հավասարեցնել հողին ու դրա փոխարեն էլիտար թաղամաս կառուցել, սակայն Հավլաբարը մնաց կանգուն, հայերն էլ իրենց տեղերում… միայն նախագահի նոր ու շքեղ նստավայրը, ինչպես նաև նորակառույց ու Կովկասում ամենամեծ Սրբ.Երրորդություն եկեղեցին մխրճվեցին Հավլաբարի արտաքին տեսքի մեջ (այսօր արդեն քչերն են խոսում, որ երկուսն էլ հայկական շիրիմների վրա են կառուցվել, բայց ժամանակին դա լուրջ բողոքի ալիք բարձրացրեց):
«Միշան միշտ էլ հայերին լավ ա նայել, ձեռ չէր տա մեզ…հա, շատ բանա փոխվել, շենքեր ու շինություններ են ավելացել թաղամասում, բայց էն կորիզը մնացել ա նույնը: Թե ինչ կլինի հետո` չգիտեմ, էս հողերը լավ թանկ տարածք են, բայց հույս ունենանք, որ հայերին հետո էլ ձեռ չեն տա»,- Հավլաբարից կենտրոնական Ռուսթավելի պողոտա տեղափոխող տաքսու վարորդն էլ հայ էր ու առիթը բաց չթողեց խոսելու իր դարդերից: Այն է` ընտանիքը պահելու համար ինքը տաքսի է քշում ու ամբողջ օրը նյարդայնանում` շինարարությունը խանգարում է բոլորին` թե թբիլիսցիներին ու անհանգիստ տաքսիստներին, թե’ զբոսաշրջիկներին. «Քաղաքապետ Ուգուլավան կճուճ էր գտել, սաղ փողոցը քանդեցին… չեմ իմանում` էլի՟ են ման գալիս կճուճներ, կարող ա ոսկով, ի՟նչ իմանամ: Բայց էս հատվածը ասեցին, թե պատմական զոնայա ու վերջ` դարձավ միակողմանի…. Հիմա Ռուսթավելուց իջնելու համար մեծ կռուգ ենք անում` համ ժամանակ, համ ներվեր»,- Ռուսթավելի չհասած խցանման մեջ պատմեց նա` ձախ կողմում մատնացույց անելով նաև քաղաքապետի «պատմական ավերածությունները»….
(շարունակելի)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում