Նովռուզին Հայաստան է ժամանել 7 հազար 151 մարդ. Իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 43 տոկոսով
Իրանի և Ադրբեջանի սահմանը հատած 34 հազար 723 մարդուց միայն 1300-ն են եղել իրանցի:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգի նահանգապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Այուբ Նաջաֆին:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ մարտի 15-24-ը ընկած ժամանակահատվածում (էսֆանդի 25-ից ֆարվարդինի 4-ը) հայ-իրանական սահմանի Նորդուզի անցակետը հատել է 7 հազար 151 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 43 տոկոսով:
Այուբ Նաջաֆին, ներկայացնելով Իրանի և Ադրբեջանի սահմանը հատած անձանց թվաքանակը, նշել է, որ նույն ժամանակահատվածում իրանաադրբեջանական սահմանը հատել է 34 հազար 723 մարդ, որոնցից միայն 1300-ն են եղել իրանցի:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին Panorama.am-ին տված հարցազրույցում, նշել էր, որ նախորդ տարիների համեմատ՝ 2013-ին Նովրուզի առթիվ Հայաստան ժամանող Իրանի քաղաքացիների թիվն ավելի քիչ կլինի:
Իրանի դեսպանը զբոսաշրջիկների թվի կրճատման որպես հիմնական պատճառ նշել էր Միացյալ Նահանգների կողմից կիրառված պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները:
Նշենք, որ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների հետևանքով ազգային արժույթը՝ թումանը, արժեզրկվել է: Եթե 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին մեկ ԱՄՆ դոլարը արժեր 1900 թուման, ապա ներկայում այն տատանվում է 3000-4000-ի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում