Հայաստանը միացել է «eTwinningplus» ծրագրին
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել «eTwinningplus» ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են բուն ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից, ծրագրին մասնակից դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ «eTwinningplus»-ն ուղղակի ծրագիր չէ, այլ` Եվրոպական հարևանության քաղաքականության, այսինքն համընդհանուր պետական ծրագրի բաղկացուցուցիչ մասը:
« Մեր դպրոցների ակտիվությունից և արդյունավետ աշխատանքից է նաև կախված մեր երկրին տրվող գնահատականը` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում, որովետև այդ քաղաքականությունը ՀՀ գերակա ուղղություններից մեկն է: Համոզված եմ, որ վերոնշյալ ծրագիրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր դպրոցներին և երեխաներին, քանի որ այն հնարավորություն է տալիս շփվել եվրոպական երկրների դպրոցների հետ, փորձի փոխանակում իրականացնել, երեխաների մոտ զարգացնել շփումների ունակությունը, մեր մշակույթն ու կրթությունը ներկայացնել եվրոպական երկրների ն, ինչպես նաև զարգացնել աշակերտների և ուսուցիչների կարողությունները` օտար լեզվի և ՏՀՏ օգտագործման ուղղությամբ»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը:
Նրա խոսքով` «eTwinningplus»-ի շրջանակներում սկիզբ առած համագործակցությունն արդեն տալիս է իր առաջին պտուղները. ներկայումս Հայաստանի դպրոցներն արդեն մասնակցում են 7 ծրագրի։ Ըստ Արտակ Պողոսյանի` հետագայում նախատեսվում է ընդլայնել Հայաստանի դպրոցների և Եվրոպական կրթական տարածքի դպրոցների համագործակցությունը։
Նախարարությունից նշում են, որ «eTwinning»–ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողներն ինչպես անհատական, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել «eTwinning»–ի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և կրթական այլ առցանց ծրագրեր։
Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում «eTwinning»–ին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան և միջերկրածովյան ավազանի երկրներից Թունիսը, որի արդյունքում ստեղծվել է համագործակցության նոր հարթակ` «eTwinningplus»–ը։
Հայաստանի դպրոցների մասնակցությունը «eTwinningplus» ծրագրին սկսվել է 2013թ., երբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Աջակցող գործընկեր կազմակերպություն, գրանցել է առաջին դպրոցները՝ հնարավորություն տալով վերջիններիս սկսել համագործակցության առաջին քայլերը։ Ներկայումս «eTwinningplus» պորտալում գրանցված են 22 դպրոց և ավելի քան 90 ուսուցիչ` Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ Մասնակից դպրոցների ընտրությունը կատարվել է բաց մրցույթով՝ ընդգրկելով տարբեր կազմակերպական ձև և կրթական աստիճան ունեցող դպրոցներ՝ հիմնական, միջնակարգ, ավագ, մասնավոր վարժարաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա