Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի միջև կա՞ արդյոք ռազմական բախման հավանականություն. Իրանագետի մեկնաբանությունը
«Իրանի բանակի ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին, անդրադառնալով Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքի առնչությամբ Ադրբեջանի հավակնություններին, հայտարարել է, որ այն գտնվում է Կասպից ծովի՝ Իրանին պատկանող 20 տոկոս տիրույթում, և ԶՈւ ռազմածովային ուժերը թույլ չեն տա, որ այդ տարածքները որևէ ուժի կողմից զավթվեն»:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ Իրանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների, ինչպես նաև հնարավոր ռազմական բախման մասին Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
-Ո՞րն է Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ Իրանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնության հիմնական պատճառը:
-Բանն այն է, որ 1921թ. Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերի համաձայն՝ Խորհրդային կառավարությունը անվարձահատույց ձևով Իրանին փոխանցեց Կասպից ծովում գտնվող Աշուրադե և այլ կղզիները, ինչպես նաև ճանաչեց Կասպից ծովում սեփական դրոշով նավատորմ պահելու և ազատ նավարկելու Իրանի իրավունքը: Վերջին տարիներին իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը Ղազախստանի և Ադրբեջանի հետ կարծես թե համաձայնության եկավ, սակայն Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը դեռևս որոշակի տարաձայնություններ ունեն: Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի, և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:
-Այսինքն, խնդիրը զուտ իրավական դաշտի՞ն է առնչվում:
-Ոչ, բացի իրավական հարցերից, որոշակի տարաձայնություններ կան բնապահպանական և ինչպես նշեցիք, Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության առնչությամբ:
Պաշտոնական Թեհրանը Իրանի փոխնախագահ, Բնության պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադի Զադեի մակարդակով բազմիցս Ադրբեջանին մեղադրել է Կասպից ծովի ջրերը նավթային մնացորդներով աղտոտելու և բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնելու մեջ: Այդ հարցում Իրանը նույնիսկ որոշել է միջազգային ատյաններին բողոք ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի:
Բացի այդ, Ադրբեջանն էլ իր հերթին, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, թե Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ այն գտնվում է Ադրբեջանին և Թուրքմենստանին հարող ընդհանուր ջրերի տիրույթում:
-Կարո՞ղ են արդյոք առկա տարաձայնությունները հանգեցնել ռազմական բախման:
-Ռազմական բախման հավանականությունը չեմ բացառում: Թեև մերձկասպյան երկրները հայտարարում են, թե իրենք Կասպից ծովը դիտարկում են որպես խաղաղ համագործակցության տիրույթ, սակայն առկա գործընթացները միանգամայն այլ բան են վկայում:
Բանն այն է, որ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Իսրայելից գնված ռազմական տեխնիկան ուղղված է Հայաստանի դեմ, սակայն ռազմական փորձագետների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի տրամադրության տակ եղած հականավային հրթիռները միայն ուղղված են Իրանի և Թուրքմենստանի դեմ, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի:
Իմ կարծիքով, Ադրբեջանի կողմից հնարավոր վտանգը չեզոքացնելու նպատակով էր, որ Իրանը օրերս Կասպից ծովի ջրեր իջեցրեց տեղական արտադրության «Ջոմարան 2» ռազմանավը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան