Ա. Մարտիրոսյան. Երևանի ավագանու ընտրությունը չի կարող չլինել քաղաքական
«Ես տեսնում եմ, որ Ազատության հրապարակում գտնվող քաղաքացին հաղթելու է ոչ միայն Երևանի ավագանու ընտրությունենրում, այլև ապագայում սպասվող բոլոր ՏԻՄ ընտրություններում»,-անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, մեր բնակչության գերակշիռ մեծամասնությունը փետրվարի 18-ին հենց այդ փոփոխություններին է կողմ քվեարկել:
Պատասխանելով հարցին, թե` ընդդիմադիր ո՞ր քաղաքական ուժին եք դիտում որպես մրցակից, զրուցակիցը նշեց. «Որևէ մեկին ես մրցակցի չեմ տեսնում, որովհետև այս դեպքում քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն արդեն իր կողմնորոշումն արտահայտել է, թե ինչպիսի Հայաստան ու ինչպիսի Երևան է ինքն ուզում ունենալ»:
Նրա խոսքերով` իր մրցակիցը ոչ թե մեկ անձ է, ոչ թե գործող քաղաքապետն է, այլ բացառապես գործող համակարգն է»:
«Սա հին համակարգի դեմ պայքար է, որն իրականացվում է «Բարև Երևան» դաշինքով, որը բերելու է նոր համակարգ, ձևավորվելու է ոչ թե մի խումբ մարդկանց շահերին սպասարկող համակարգ, ինչպիսին այժմ է, այլ քաղաքացու շահին սպասարկող համակարգ»,- հավելեց Ա. Մարտիրոսյանը:
Պատասխանելով հարցին, թե` Երևանի ավագանու ընտրությունները դուք քաղաքակա՞ն ընտրություն եք համարում, նա ասաց. «Եթե մի վայրում կենտրոնացված է տվյալ երկրի իրական բնակչության կեսը, ֆինանսական հոսքերի ութսուն տոկոսը, արդյունաբերական պոտենցիալի կեսից ավելին, գործող ձեռնարկությունների կեսից ավելին, ծառայությունների գերակշիռ մասը, նմանատիպ վայրի ավագանու ընտրությունը չի կարող չլինել քաղաքական»
Նրա խոսքերով` այդ ընտրությունների քաղաքական լինելու մասին է խոսում նաև ընտրությունների համամասնական համակարգը. «Չէ՞ որ սա կուսակցական, համամասնական ցուցակով ընտրություն է, ինչը ցույց է տալիս, որ սա ոչ թե կենցաղային խնդիրների հետ կապված, այլ բացառապես քաղաքական ընտրություն է»:
Ա. Մարտիրոսյանի համոզմամբ, Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական ընտրություն է և նախագահական ու խորհրդարանական ընտրությունենրից հետո, ըստ ության, իր կարևորությամբ երրորդ ընտրությունն է երկրի ներսում: