«Մեկ միլիոնանոց բողոքի երթը» հետաձգվում է մինչև մայիսի 1-ը. Անդրիաս Ղուկասյանը միացել է նախաձեռնությանը
Ապրիլի 8-ին նախատեսված «Մեկ միլիոնանոց բողոքի երթ»-ը դեպի նախագահական նստավայր հետաձգվում է և այն տեղի կունենա մայիսի 1-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց բողոքի երթի նախաձեռնող, ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա այդ որոշումը պատճառաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման հետ ընդհանուր հայտարարի չգալու փաստով և ընդգծեց, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի նախատեսած միջոցառումներին չխանգարելու և քավության նոխազ չլինելու նկատառումով կայացվել է նման որոշում:
«Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ընդդիմադիր շարժումը ի սկզբանե հակակրանքով վերաբերվեց «Մեկ միլիոնանոց բողոքի երթ»-ի նախաձեռնությանը: Շատերը համարեցին, որ կարող է սադրանք լինել, ինձ նույնիսկ համարեցին իշխանության մարդ, ասացին, որ այս երթը կարող է ժողովրդի մեջ պառակտում առաջացնել: Այնինչ սա քաղաքացիական նախաձեռնություն է, որը եկել էր այդ շարժումը լրացնելու, այլ ոչ թե խանգարելու համար»,- ասաց Ա. Զաքարյանը:
Բանախոսը մայիսի 1-ին՝ Աշխատավորների պաշտպանության օրն այդ երթն անցկացնելու նպատակահարմարությունը բացատրեց նրանով, որ Հայաստանում հենց աշխատավորների խավն է, որ դժգոհում է իր ապրելակերպից: Մյուս կողմից, ըստ նրա, արդեն մայիսի 1-ին պարզ կլինի, թե որ ուժերն են ժողովրդին ապացուցելու, որ արեցին արմատական բարեփոխումներ:
«Մայիսի 1-ին ժողովուրդը, ովքեր իրոք մտածում են, որ այսպես ապրել չի կարելի, դուրս կգա փողոց՝ հայտնելու իր դժգոհությունը: Թե ո՞ւմ, ինչպե՞ս ենք հայտնելու, ծրագիրը և մնացյալը մանրամասն կներկայացվի հանրությանը»,- նշեց Արշակ Զաքարյանը:
Ասուլիսին ներկա նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը իր հերթին տեղեկացրեց, որ միանում է վերոնշյալ նախաձեռնությանը. «Համարում եմ, որ սա այն գործնական առաջարկն է, որը հնարավորություն է տալիս միավորել բոլոր քաղաքական և քաղաքացիական ուժերին՝ ցույց տալու, որ հանրությունը չի ենթարկվելու անօրինական իշխանությանը ու պատրաստ է իր քաղաքացիական անհնազանդությունը ցուցաբերել»,- նշեց նա:
Վերջինս նաև ասաց, որ անհրաժեշտ է համարում մինչև երթը, ապրիլի 12-ին, բոլոր շահագրգիռ կողմերի համար ժողով հրավիրել, որոնք շահագրգռված են հաղթահարել «երկրում անօրինական և կոռուպցիոն համակարգը»: