ՊՆ. Ի՞նչ փաստերի հիման վրա է Ադրբեջանը նման հայտարարություն տարածում
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով, երկրի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը, հաղորդում են, որ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունն արդեն 2 օր է շարունակվում է, իսկ ադրբեջանական կողմն արդեն երկու վիրավոր ունի (մեկը մայոր):
Panorama.am-ը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
«Հայ-ադրբեջանական սահմանին ամեն օր էլ կրակոցներ հնչում են, սակայն դրանք վերջին 1-2 օրերին առանձնապես շատ չեն եղել, փոխհրաձգություն չի եղել: Անհասկանալի է, թե ինչ փոխհրաձգության մասին է խոսքը ու հատկապես ինչ պատճառով է ադրբեջանական կողմը կորուստներ գրանցել»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Հարցին, թե Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը նշել է, թե հայկական կողմից ակտիվություն է դրսևորվել նաև սահմանագծի այլ ուղղություններով, իսկ կորուստներ ունի նաև հայկական կողմը, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Հայկական կողմը վերջին 1-2 օրերին կորուստներ չի ունեցել, իսկ թե ինչ փաստերի հիման վրա է Ադրբեջանի ՊՆ-ն նման պնդումներ առաջ քաշում խիստ զարմանալի է»: