Վերջին օրերին ՏՄՊՊՀ-ն ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ չի արձանագրել
Ամեն տարի Ս. Զատիկի տոնի հետ կապված` հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Որպեսզի տնտեսվարողները առիթից օգտվելով թույլ չտան չարաշահումներ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարից սահմանել է ամենօրյա հսկողություն վերջիններիս գործունեության նկատմամբ:
Երևանի սուպերմարկետներում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել էր, որ գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ նկատվում է ձվի 2-3 դրամ թանկացում:
Panorama.am-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը հայտնեց, որ արտադրողներից օրական կտրվածքով պահանջվում է տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաև բացթողնման գների վերաբերյալ: «Այս պահի դրությամբ որևէ խնդրահարույց իրավիճակ չկա»,-ասաց Գ.Սահակյանը:
Ներկայացնելով մոնիթորինգի արդյունքները, նա նշեց, որ օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետներում Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի 10–հատանոց փաթեթավորմամբ (տուփով) 02 տեսակի ձուն մարտի սկզբից վաճառվում է 680 դրամով՝ նախկին 660 դրամի փոխարեն, «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի 03 տեսակի 1 ձուն էլ նախկին 650 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով: Ըստ Գ.Սահակյանի՝ մարտի 26-ի դրությամբ գնային այլ փոփոխություն չի նկատվել: «Ընդհանուր առմամբ մինչև 3 դրամի գնային բարձրացում մարտի սկզբից կա, ինչի հետ կապված Հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն»,- ասաց Գ.Սահակյանը:
Նշենք, որ վերջին շրջանում որոշ տնտեսվարողներ հայտարարել էին, որ միջազգային շուկայում կան որոշակի գնային տատանումներ՝ կապված կոմբիկերի հետ: Գ.Սահակյանը տեղեկացրեց, որ թեև այս պահին ձվի բարձրացում չի նկատվում, այդուհանդերձ Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացնում՝ պարզելու, թե ձվի ինքնարժեքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:
Նախորդող՝ ՏՄՊՊՀ նախագահ. Զատիկին ընդառաջ ձուն թանկացել է 2-3 դրամով