Հ. Մարգարյան. Գոնե գազի սպասարկման վճարն իրենց վրա վերցնեն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է վերանայի «ՀայՌուսգազարդ» ընկերության շահույթի հարցը, և եթե այն 10%-ից նվազի, գազի սակագինը ևս կնվազի: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, նշելով, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը սակագինը վերանայելու հարցն արդեն բարձրացրել է:
Նրա խոսքով՝ մենաշնորհային դիրք ունեցող գազ մատակարարող ընկերության շահույթը կարող էր տատանվել 3-5%-ի սահմաններում, բայց «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտ այն հասնում է 10%-ի, ընդ որում այդ ընկերության աշխատակիցները ստանում են բարձր աշխատավարձ:
«Այսինքն, մի կողմից` բարձր աշխատավարձ, մյուս կողմից` բարձր շահույթ», - նշեց բանախոսը, հավելելով, որ ըստ միջազգային փորձի՝ գազի սակագինը պետք է արդեն իսկ ներառի նաև սպասարկման վարձը, իսկ Հայաստանում այն առանձին է գանձվում:
Հ. Մարգարյանի խոսքով՝ ընկերությունը օգտվում է նրանից, որ տվյալ շուկայում մրցակցություն չկա և ազգաբնակչությունը կշարունակի օգտվել նրա ծառայությունից: «Գոնե սպասարկման վճարն իրենց վրա վերցնեն», - ասաց Հովհաննես Մարգարյանը:
Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաև գազի որակի մասին քաղաքացիների կողմից հնչող դժգոհությունների վերաբերյալ, նշելով, որ այդ հարցապնդումը ՕԵԿ-ը ևս կբարձրաձայնի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում