Հերմինե Նաղդալյան. ՀԱԿ մեր գործընկերները կարծես թե հասկացել են, որ ամեն ինչն են կորցրել
«ՀԱԿ-ի այս առաջարկների երևան գալը առաջին հերթին բացատրվում է նրանով, որ ՀԱԿ մեր գործընկերները կարծես թե հասկացել են, որ իրենք այլևս կորցրել են լիդերությունը ընդդիմադիր հարթակում և ոչ միայն լիդերությունը, այլ, կարծես, ամեն ինչն են կորցրել»,- արձագանքելով երեկվա ՀԱԿ տարածած հայտարարության նախագծին ` նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նրա կարծիքով, դրանք քաղաքական ռևանշիզմի նախադրյալներ են, և փորձ է արվում ավելի սուր հարցադրումներով, ավելի հարձակողական ոճով, ուլտիմատումներով վերադարձնել նախաձեռնությունը` առավել նախաձեռնողական արմատական ներկայանալով:
«Ըստ էության սա տեղավորվում է այն փիլիսոփայության մեջ, որը մենք սահմանում ենք` որպես պայքար ընդդիմադիր հարթակում առաջնորդության համար: Նախկինում ևս առիթներ ունեցել ենք ասելու, որ քաղաքական համակարգում այսօր ընթացող պրոցեսների մեծ մասը ընդդիմադիր հարթակի համար մրցակցությունն է, որովհետև քաղաքական համակարգի մյուս բևեռն իր զարգացումների մեջ, կարծես թե, խնդիրներ չունի. դրանք բնականոն հունով են ընթանում: Ընդդիմադիր հարթակում այսօր ստեղծված իրավիճակը հետևյալն է` ըստ էության, երկու- երեք ուժ հավակնում են նույն ընդդիմադիր էլեկտորատի համար, և թվային ու բովանդակային վերլուծությունները ցույց են տալիս, որ համարյա նույն էլեկտորատը մի անգամ քվեարկել է ԲՀԿ-ի համար, մի անգամ` ՀԱԿ-ի համար, մի անգամ էլ «Ժառանգության» համար, այսինքն` սա նույն հենարանն է:
Այս առումով այդ ընդդիմադիր բևեռում խնդիր կա, որպեսզի, ի վերջո, տարանջատվի, կամ վճռվի, թե ումն է այս հարթակը: Այս իմաստով, երևի թե, անհրաժեշտ է ավելի սուր հարցադրումներով հանդես գալ, իսկ այդ մոլուցքի մեջ մարդիկ երբեմն ընկնում են բացարձակ մերկապարանոց, չհիմնավորված հայտարարությունների գիրկը, փորձում են իրար հետ կապել բացարձակապես չկապվողը, խոսում իրողությունների մասին, որոնք տվյալ պահին օրակարգային չեն և ոչ մի կապ չունեն օրվա իրողությունների հետ / նկատի ունենք, օրինակ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկը , որը բոլորովին անհասկանալի է` ինչի համար, ինչից ելնելով, նախագահական ընտրություններից հետո ի՞նչ ցուցիչով է առաջադրվում տվյալ պահանջը: Այստեղ բացարձակապես չկա որևէ հիմնավորվածություն, որևէ տրամաբանական բացատրություն, պարզապես` դա իրենց ցանկալի է: Նորից ընդգծենք, որ ընդդիմադիր դաշտում ցանկալին իրականի տեղ ներկայացնելը դարձել է ոչ թե բանաձև, այլ պարզապես վարվող քաղաքականություն և այստեղ կա միայն մեկ բացատրություն ` մեզ այդպես է պետք, մեզ այդպես լավ կլինի, բայց , կարծում եմ, պետք է հիասթափեցնենք իրենց ` այդպես էլ լավ չի լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները