Անվճար Orange WiFi ինտերնետ Երևանի ևս երկու բուհում
Այսօր տեղի է ունեցել Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Հայաստանի Պետական Ճարտարապետաշինարարական Համալսարանում և Հայաստանի Պետական Կոնսերվատորիայում:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համալսարաններում անվճար WiFi-ով զինված անկյունների ստեղծման ծրագիրը մեկնարկել է դեռ 2011թ., և նախատեսվում է 2013 թ. ընթացքում նման անկյունների թիվը հասցնել 13-ի, որոնցից 9-ը Երևանի և 4-ը՝ մարզային համալսարաններում: Շուտով Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի և Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները նույնպես կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange WiFi ինտերնետից:
«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաև ուսումնական գործընթացների անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարևոր և պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը և կհեշտացնեն նրանց գործը», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը միայն WiFi անկյունների ստեղծումն ու անվճար ինտերնետի տրամադրումը չի ընդգրկում: Համալսարանների մեծ մասի հետ Orange-ը նաև համագործակցում է այլ ոլորտներում, ինչպես ուսանողական կրթաթոշակների հատկացում, մասնագիտական պրակտիկայի կազմակերպում Orange-ում, ինչպես նաև ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ ուսանողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան