Հայ կնոջ նամակը` թուրքական դատարանին. «Երբ գրկում եք ձեր երեխաներին, այդ պահին թող ձեր աչքի առաջ գան որդուս աչքերը»
Մարտի 26-ին Դիարբեքիրի ռազմական դատարանը կայացրել է 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Բաթմանի զորամասերից մեկում զինծառայակցի կողմից սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատավճիռը: Զինվորական դատախազը, մարդասպանի դեմ առաջադրելով չկանխամտածված սպանության մեղադրանք, նրա համար դատարանից պահանջել էր 2-6 տարվա պատժաչափով ազատազրկում: Գործը քննող Դիարբեքիրի զինդատարանն էլ մարդասպան Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման: Սևակի ընտանիքը սպանության` դժբախտ պատահաբար լինելու վարկածին չի հավատում։ Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, ով բազմիցս հայտարարել է, որ իր որդու սպանությունը դժբախտ պատահար որակելն ամոթ է, դատավճռի կայացվելուց հետո նամակ է ուղարկել դատարան:
Ստորև ներկայացնում ենք նամակը.
«Հարգելի դատավոր և դատախազներ,
Երկու տարի շարունակ այստեղ ներկա գտնվեցինք`ձեզ վստահելով սպանված որդուս գործը ու հուսալով բացահայտել իրականությունը: Որդուս մահվան լուրն առնելուց հետո մեզ համար ժամանակը կանգնել է կարծես: Իմանալով, թե ով է սպանել որդուս, «ինչու» հարցի պատասխանն էինք որոնում: Ցավոք, մեզ բավարարող ոչ մի պատասխան չտրվեց:
Մեզ ասվում է, թե չնայած նրան, որ որդիս սպանվել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության և Սբ Զատիկի օրը, սակայն հայ լինելու համար չէ, որ սպանվել է: Երանի, թե հիմքեր ունենայինք այս երկրում նման բանին հավատալու: Երանի մի օր այս երկրում վերանար այն համոզմունքըը, թե հային սպանելով հերոս կդառնաս: Եվ մեր երեխաներն էլ ծառայության գնային առանց անհանգստանալու, որ իրենց ազգային պատկանելության պատճառով կճնշվեն, կստորացվեն, կօտարացվեն և կպիտակավորվեն:
Այս ժամանակահատվածում իմ թանկագին որդու կյանքը խլող անձի հետ նույն օդն ենք շնչել: Դատարանի սրահից դուրս նրա բավականին երջանիկ դեմքը մեզ հունից հանում էր, սակայն աշխատելով չդադարել լինել սառնասիրտ, հետևում էինք նիստերին: Եթե դա դժբախտ պատահար էր, ապա ինչու՞ էին վկաների վրա ճնշում գործադրում: Եվ մինչև ճնշում գործադրելը նրանց տված ցուցմունքները ինչո°ւ էին աչքաթող արվում:
Այս հանցագործությունը «դժբախտ պատահար» որակելով կհամարեք, որ ձեր պատականություններն ավարտվա°ծ են: Դժվարանում ենք այս ամենը հասկանալ: Արդյունքում ստացվում է, որ հիմնական մեղավորը որդիս էր, որ կանգնեց զենքի դիմաց:
Այս որոշումից հետո ձեզ հետ կապված միակ ցանկությունս այն է, որ, երբ գրկում եք ձեր երեխաներին, այդ պահին թող ձեր աչքերի առաջ գան Սևակի աչքերը, իսկ երբ գրկում եք ձեր մորը` իմ աչքերը:
Սևակը «ինչի՞ համար» հարցնելով կշարունակի մեզ նայել»:
Նամակը հրապարակվել է « www.norzartonk.org» կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են