Թատրոնի միջազգային օրն է. Հայտնի կդառնան «Արտավազդ»-ի մրցանակակիրները
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա այն սկսել է տարածվել ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դարձել է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Այսօր Հայաստանի թատերական գործիչների միությունը նախատեսում է այցելություն Կոմիտասի անվան պանթեոն` Վահրամ Փափազյանի շիրմին: Այսօր նաև Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին:
Հայկական թատրոնը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայել է, որ մ.թա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը և որ հայոց Արտավազդ թագավորը գրել է ողբերգություններ: Հետագա դարերում Հայաստանում գործող ինքնատիպ ժողովրդական թատրոնների մասին վկայություններ կան հայ պատմիչների երկերում, իսկ մանրանկարչական որոշ ձետագրերում պահպանված են դիմակավոր դերասանների պատկերներ:
Միջնադարից հետո հայ իրականության մեջ թատրոնը նորովի սկբնավորվում է 17-18-դդ Լվովի հայկական կաթոլիկական դպրոցում և Վենետիկի Մխիթարյան դպրոցում: Առաջին արհեստավարժ թատերական կազմակերպությունը Հայաստանում 1846 թ. ստեղծված «Արամյան թատրոնն» էր, որից հետո որպես նոր տիպի դրամատիկական թատրոն Կ.Պոլսում 1861 թ. կազմակերպվում է «Արևելյան թատրոնը», իսկ 1863 թ. Թիֆլիսում՝ «Հայոց թատրոնը»:
Երկուհազարամյա հայ թատրոնի պատմության մեջ խորհրդային տարիները առանձնացան բեղմնավոր գործունեությամբ։1922թ. կազմակերպվում է հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվում է Գ.Սունդուկյանի անունը։ Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։ Թատերական արվեստում փայլեց Պետրոս Ադամյանը։ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը մարմնավորեցին հանդիսականի մոտ երկար հիշվող կերպարներ և հռչակվեցին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից շատ հեռու: