«The Armenian Weekly». Ապագա սերնդի պարտքն է այնպես անել, որ Հայոց ցեղասպանության վերապրածների ձայները չանհետանան
«The Armenian Weekly» տպագրել է հոդվածագիր Թալին Բաբայանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ` «Հիշողություները սկսել են մոռացվել, բայց ցավը մնում է» վերնագրով հոդվածը:
«Հին, արծաթե դեկորատիվ նկարի շրջանակում տեղադրված է Փիրուզ Քալուդզյանի սևով սպիտակ հարսանեկան լուսանկարը, ով բնակվում է Նյու Յորքում: Սակայն այդ հին նկարը թաքցնում է այն վիշտը, որը նա ունեցել է ցեղասպանության օրերին»,-գրում է պարբերականը:
«Ես չեմ ուզում խոսել դրա մասին: Նրանք չէին ցանկանում, որ մենք ապրենք»,-նշել է 103-ամյա Քալուդզյանը` խոսելով 1915թ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին:
«Քալուդզյանը կարողացել է ֆիզիկապես խուսափել ցեղասպանության զոհ լինելուց, սակայն նրան հետապնդում են սարսափելի այն պատկերները, որոնց ականտես է եղել վեց տարեկանում: Նրա դեմքին վշտի ստվերներ կան, քանի որ ականատես է եղել, թե ինչպես է երիտթուրքական կառավարությունը 1915 թվականին լայնածավալ ցեղասպանություն իրականացրել հայերի նկատմամբ»,-գրում է պարբերականը:
«Նրանք եկել էին հորս և հորեղբորս հետևից: Երկուսին էլ կապեցին և նրանց կամրջից նետեցին Եփրատ գետը»,- պատմել է վերջինս:
101 տարեկան Շառլոտ Քեչեջյանը չի մոռացել է, որ իր հայրը սպանվել է ցեղասպանության սկզբում և որ նա տեղահանման զոհ է եղել. հետապնդումից փախչելու համար վերջինս անապատի միջով մղոններ է քայլել:
Նյու Յորքի «Հայ տան» մեջ բացի Քեչեջյանից և Քալուդզյանից ևս երկու հայեր կան, ովքեր ցեղասպանության ականատես են:
«Հայոց ցեղասպանությունը շարունակվում է «ենթադրյալ» ցեղասպանություն համարվել: Սակայն ցեղասպանության վերապրածներն այստեղ են` պատմելու թե ինչ է պատահել»,-նշել է «Հայ տուն» գործադիր տնօրեն Ագի Էլյանը:
«Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և վերապրածների` իրենց պատմությունը պատմելու հնարավորություն գնալով նվազում է, ապա ապագա սերնդի պարտքն է այնպես անել, որ վերապրածների ձայները չանհետանան և հետագա տարիների ընթացքում նրանց համարձակ հոգիները հարգանքի արժանան»,-գրում է «The Armenian Weekly»-ն:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: