Հայաստան ոսկե մեդալ բերած Արթուր Ալեքսանյանն ի՞նչ հույսեր ունի
Օրեր առաջ ավարտվեց Եվրոպայի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը, որում հայ ըմբիշները նվաճեցին 5 մեդալ` 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե: Թբիլիսիում կայացած այդ ստուգատեսին հիանալի ելույթ ունեցավ երիտասարդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով 96 կգ քաշայինների պայքարում նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբի հյուրը Արթուր Ալեքսանյանն էր` Սամվել Գևորգյանի և Գևորգ Ալեքսանյանի հետ միասին:
«Անչափ ուրախ եմ, քանի որ սա մեծ ձեռքբերում էր թե՛ իմ, թե՛ իմ երկրի համար: Հպարտ եմ, որ հայ ազգին բերեցի ևս մեկ ոսկե մեդալ: Մրցաշարը բարդ էր, բոլոր մարզիկների հետ էլ դժվար էր գոտեմարտելը, քանի որ Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չկան: Հավանաբար, ամենաբարդը վրացի ըմբիշի դեմ գոտեմարտն էր:
Ինձ համար անչափ ուրախալի էր նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականը կարողացավ ոսկե մեդալ նվաճել նաև ազատ ոճում, ինչը մեծ հաջողություն է:
Ապագա պլանների մասին կարող եմ ասել, որ մայիսին Ծաղկաձորում կունենանք ուսումնամարզական հավաք, որից հետո կմասնակցենք միջազգային մրցաշարերի, այնուհետև տեղի կունենա աշխարհի առաջնությունը»,- նշեց Ալեքսանյանը:
Կրկին անդրադառնալով ըմբշամարտը 2020 թ. օլիմպիական ծրագրից հանելու վերաբերյալ մեծ աղմուկ հանած թեմային, Արթուր
Ալեքսանյանը նշեց, որ այս մարզաձևն ամենակարևորներից մեկն է և հույս հայտնեց, որ այն չեն հանի Օլիմպիական խաղերի ծրագրից:
«Հուսով եմ, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ ես պատրաստվում եմ օլիմպիադայում նվաճել ոսկե մեդալ»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Ասուլիսի ընթացքում լրագրողների հետ շփվեց նաև Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչն ու նրա հայրը` Գևորգ Ալեքսանյանը: Նա շնորհակալությունը հայտնեց մարզասերներին` աջակցության համար:
«Եվրոպայի այս առաջնությունն առանձնացավ նրանով, որ մասնակցում էին մեծ թվով բարձրակարգ մարզիկներ: Ամբողջ առաջնության ընթացքում մրցավարները բավական լավ աշխատեցին, թեև կային սխալներ, սակայն նման թերացումներ առկա են բոլոր առաջնություններում:
Ըմբշամարտի կանոնադրությունը ՖԻԼԱ-ի նախկին նախագահն այնպես էր փոխել, որ մեծ նշանակությունը տրվում էր մրցավարին և նա կարող էր մշտապես փոխել գոտեմարտի ընթացը:
Ինչ վերաբերում է Արթուրին, ապա նա ապացուցեց, որ ուժեղագույնն էր: Ես նրա գոտեմարտերից ու ցուցադրած արդյունքներից գոհ եմ»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան