Տեր Վահրամը կոչ է անում մի կողմ դնել գործերն ու երեկոյան եկեղեցի գնալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը քաղաքացիներին հորդորում է այսօր երեկոյան եկեղեցի գնալ, որտեղ կատարվելու է Խավարման կարգը:
«Սիրելիներ, այսօր երեկոյան ուշ բոլոր եկեղեցիներում կատարվելու է Ավագ շաբաթվա ամենահուզիչ արարողությունը` Խավարման կարգը: Իրականում այն Ավագ ուրբաթի արարողություն է, սակայն կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան: Այս արարողությանը եկեղեցիների խորանին դրվում են Քրիստոսին և Նրա աշակերտներին խորհրդանշող 13 մոմեր և Ավետարաններից ընթերցվում յոթ հատվածներ Քրիստոսի մատնության, դատապարտության, աշակերտների փախուստի, Պետրոսի ուրացման մասին: Ամեն ընթերցումից հետո հանգցվում են 12 աշակերտների մոմերից երկուսը և վերջում մնում է միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը. Տերը միայնակ էր մնացել: Հետևում է Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահը, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը և խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշարության «Տէր, ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Մեկ կողմ դնենք մեր բոլոր զբաղումներն ու գործերը, մեր քայլերն ուղղենք դեպի մոտակա եկեղեցի, և մասնակցությունը Խավարման կարգին, հավատացեք, կվերափոխի ձեր ողջ կյանքը»,-ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել քահանան:
Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:
Մարտի 28` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է:
Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին մատուցվում է Ս. Պատարագ (ժ. 11.00-ին):
Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում կօրհնվի յուղը: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: