«Սինոփսիս Արմենիան» ու «Ղարաբաղ Տելեկոմը» համագործակցում են Արցախի պետական համալսարանի հետ
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով մարտի 29-ին կստորագրեն համագործակցության համաձայնագիր:
Այս մասին հայտնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության հասարակության հետ կապերի բաժնից:
Կիրառելով արտադրություն-ԲՈՒՀ կրթական մոդելի հաջողված և համընդհանուր հավանության արժանացած փորձը՝ ծրագիրը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում (ԼՂՀ) աշխատուժի շուկային տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով: Համաձայնագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում կստեղծվի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական ծրագրերով կրթություն իրականացնող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը, որի համար կստեղծվի գերժամանակակից սարքային և ծրագրային ապահովմամբ հագեցած ինֆրակառուցվածք: Այն կհամալրվի միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող կրթական ծրագրերով և ուսումնական նյութերով, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում վերապատրաստված որակյալ դասախոսներով:
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից հատկացված 28 միլիոն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում արդի և ուսումնական պահանջներին և չափանիշներին համապատասխան կկահավորվի և արդիական քոմփյութերային տեխնիկայով կվերազինվի համալսարանի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կվճարվի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները:
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն համալսարանին անվճար կտրամադրի համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ Սինոփսիս ընկերության ծրագրային գործիքների փաթեթների 60 լիցենզիա և համապարփակ ուսումնական նյութեր, որոնք կընդգրկեն բոլոր դասավանդվող դասընթացների ամբողջական մեթոդական նյութերը, դասախոսությունների ներկայացումները, լաբորատոր, գործնական աշխատանքների և կուրսային նախագծերի մեթոդական ապահովվածությունը, տնային աշխատանքները և քննական հարցատոմսերը, ինչպես նաև առնվազն կես տարին մեկ անգամ կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը:
«Հիմնադրման օրվանից, Ղարաբաղ Տելեկոմը խրախուսել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորությունների և նվաճումների ուղի կարող են հարթել Արցախի երիտասարդ սերնդի առջև: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Արցախի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է, և մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցենք այդ ոլորտի աշխուժացմանը: «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի ստեղծումը կնպաստի ՏՀՏ ոլորտի զարգացմանը, համաշխարհային հարթակում Արցախի վարկանիշի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդության շրջանում հետաքրքրություն կառաջացնի այդ ոլորտի հանդեպ: Ղարաբաղ Տելեկոմը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը կխթանի Արցախի տնտեսության ինքնաբավ և երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը», - ասել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ իր խոսքում նշել է, որ Սինոփսիսը, որպես համաշխարհային առաջատար ընկերություն համագործակցում է աշխարհի ավելի քան 1300 համալսարանների հետ: «Հայաստանում այդ համալսարանները չորսն են՝ ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Արցախի համալսարանի հետ համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման մի յուրօրինակ նախաձեռնություն է, որը բացառիկ նշանակություն կունենա հանրապետությունում նորարարական միջավայրի ձևավորման առումով», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները