ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» պայքարում են միմյանց դեմ
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` «Голос Армении»-ն գրում է. «Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում էր «Նոր Հայաստանի» մասին», ԲՀԿ-ն որոշում կայացրեց ինքնուրույն պայքարել ավագանու ընտրություններում, իսկ կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հռչակեց «Նոր Երևան» կարգախոսը: Պարզից էլ պարզ է, որ այն բանից հետո, երբ Գ. Ծառուկյանը հռչակեց ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր կուսակցություն, իսկ «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ հայտարարեց, որ իրենք նպատակ ունեն հաղթել Երևանի ավագանու ընտրություններում, ընդդիմադիր ձայների համար իրական պայքարն ընթանալու է «Ժառանգության» և ԲՀԿ-ի միջև»:
Թերթը նկատում է, որ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» պայքարում են ոչ թե ՀՀԿ-ի, այլ` միմյանց դեմ: Թերթի տեղեկություններով` խոսակցություններ են շրջանառվում, թե ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին նույնպես ֆինանսավորվում է ԲՀԿ-ի կողմից: «ГА»-ն նշում է, որ ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը ավագանու ընտրություններում 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների համատեղ շտաբի նման մի բան կստեղծեն, որը կզբաղվի ընտրական գործընթացի վերահսկմամբ և, ինչպես նշում է թերթը, «բնականաբար, աչք կփակի ԲՀԿ-ի նախընտրական բարեգործությունների վրա»: Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե եթե ՀՀԿ-ն ձայների մեծամասնություն չհավաքի, ապա ընդդիմությունը կարող է իր համատեղ թեկնածուին առաջադրել որպես քաղաքապետ` «ГА»-ն չի բացառում, որ եթե ՀՀԿ-ն չհավաքի ձայների մեծամասնությունը, ապա շատ հնարավոր է, որ հենց ԲՀԿ-ն օգնի վերջինիս առաջադրել իր քաղաքապետին: