Թուրք պրոֆեսոր. «Սևակի դեպքը Դինքի սպանության պես անտեսվեց արդարադատության կողմից»
Թուրքական բանակում 2011-ի ապրիլի 24-ին սպա սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի գործով դատարանի կայացրած վճիռը դժգոհություն է առաջացրել: «Ermenihaber.am» լրատվական կայքի տեղեկացմամբ, մասնավորապես «Մարդու իրավունքների և հալածյալների պաշտպանության միության» (MAZLUMDER) Դիարբեքիրի գրասենյակը հրավիրել է մամուլի ասուլիս և իր բողոքի ձայնը բարձրացրել: Բացի դրանից Ստամբուլում ևս հրավիրվել է մամուլի ասուլիս, որի ժամանակ Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն, նշել է, որ դատարանի որոշումը հանցագործության վրա լույս չի սփռում:
«Սևակը ռասիստական գնդակով է սպանվել: Նա արհեստավոր մարդ էր և ինձ հետ էր աշխատում: Արդյո՞ք նրան սպանած ազգայնամոլը պետք է նման պատժի արժանանար»:
Մայրը` Անի Բալըքչըն, նշել է, որ դատավարությունը հեշտ չի ընթացել: Վկաները դատարանում փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները, ինչը կարող էր վախեցնելու արդյունք լինել:
«Դատավճիռն անշուշտ մեզ չի բավարարում: Երբ անունը` Սևակ, ազգությունը` հայ, իսկ հավատքը քրիստոնեություն է լինում, հավանաբար, արդյունքն այսպես է լինում: Ապրիլի 24-ին մի հայ պիտի սպանվեր: Գուցե ամենահարմար վայրը Սևակի սպանության տեղն էր»,- ասել է Սևակի մայրը:
Մամուլի ասուլիսին ներկա պրոֆեսոր Գենչայ Գյուրսոյը հավելել է. «Սևակի դեպքը ամբողջովին Հրանտ Դինքի սպանության նման է: Մեկն այն դեպքերից, որոնք անտեսվում են արդարադատության կողմից»:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի ռազմական դատարանը սպանության մեջ մեղադրվող Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման, իսկ ենթասպա Սադրեթին Էրսոզին, ով մեղադրվում էր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, դատապարտվել է ընդամենը 5 ամիս ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում