Տ. Խզմալյան. Հույս ունենք, որ Րաֆֆին կգիտակցի միայնակ պայքարելու բարդությունը, դա դոնքիշոտություն է
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ամենևին էլ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան պայքարը չէ, այլ հետխորհրդային երկրներին յուրահատուկ զարգացումներ են: Հայաստանում և մնացած հետխորհրդային երկրներում ոչ թե 2013թ.-ի գարունն է, այլ 1917թ.-ի փետրվար-մարտն է: Հայաստանում փորձում են իրականացնել այն, ինչ տեղի չունեցավ Ռուսաստանում 1917թ.-ի փետրվարին, այսինքն՝ բուրժուական հեղափոխություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին, նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:
Վերջինս, պատմական համեմատություններով անելով, պնդեց, որ Հայաստանում ներկայումս ծավալվող պայքարը ծնվող բուրժուական հասարակարգի պայքարն է՝ ընդդեմ ռազմա-ֆեոդալական հասարակարգի, և այդ պայքարի արդյունքում, ըստ նրա, անխուսափելի է ներկա ռազմա-ֆեոդալական համակարգի պարտությունը:
«Ճակատագրի բերմամբ խորհրդային կարգերից դուրս, Սփյուռքում մեծացած Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորել է բուրժուական հեղափոխության այս անխուսափելի ալիքը և եկել է, ինչպես նա է արտահայտվում, հեղեղելու, սրբելու այն մնացորդները, որ այսօր խանգարում են մեզ ապրել ու զարգանալ»,- նշեց Տ. Խզմալյանը՝ հավելելով, որ ֆեոդալական կարգերում իշխում է արքաների և ֆեոդալների կամքը, իսկ բուրժական կարգերում՝ օրենքի գերակայությունն ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
Նրա համոզմամբ, Հայաստանը փոխվել է, բուրժուական հեղափոխության ընթացքը անխուսափելի է և էական չէ, թե ինչ կլինի ապրիլի 9-ին: Նա նաև ընդգծեց, որ «Սարդարապատ» շարժման կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացվել է համակարգի դեմ համակարգով պայքարելու ճանապարհային քարտեղ և դեռ սպասում են վերջինիս պատասխանին:
«Մենք հույս ունենք, որ Րաֆֆին կգիտակցի միայնակ պայքարելու բարդությունը, դա դոնքիշոտություն է, հույս ունենք, որ մինչև ապրիլի 9-ը ու դրանից հետո նրա քայլերը կլինեն համակարգված: Եթե ոչ, ապա ընդամենը կփոխվի առաջնորդի անունը»,- ասաց Տ. Խզմալյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հարգում է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկա քայլերը և տեսնում դրանցում տրամաբանություն:
«Ամրոցը գրոհելու բազմաթիվ ձևերից Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրել է իշխանական ամրոցի մեջ տրոյական ձի մտցնելու ճանապարհը, որը բովանդակազրկում է իշխանությունն ու երկիշխանություն հաստատում»,- ընդգծեց նա՝ նկատի ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն՝ ուղղված Սերժ Սարգսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները