Քննարկում. Ընտրելով Ստամբուլը` ՄԱԿ-ը դավաճանում է իր սկզբունքներին
ՀՀ Հանրային խորհրդում Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու և այդ կոնտեքստում ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների և Հայաստանի միջև համագործակցության հարցերի վերաբերյալ հանրային քննարկում:
Կլոր սեղանին մասնակցեցին պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք մտահոգություն հայտնեցին ՄԱԿ-ի ղեկավար մարմինների կողմից Բրատիսլավայից Ստամբուլ գրասենյակների տեղափոխման վերաբերյալ` նշելով, որ դա ոչ միայն մեծ հարված կարող է հասցնել Հայաստանի պետական և հայության ազգային շահերին, այլ նաև, խոշոր ապտակ է հենց ՄԱԿ-ի կանոնադրությանը, որը հիմնված է ազգերի և մարդու հիմնարար սկզբունքների հարգման վրա:
Ներկայացնելով խնդիրը` Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինտիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ հայկական կողմը ոչ մի ամբիցիաներ չունի կենտրոնների տեղափոխման հետ հարցում, և այդ դժգոհության հիմքում այն է, որ դրանք տեղափոխվում են մի երկիր, որը ոչ միայն հրաժարվում է առերեսվել իր պատմության հետ, այլ նաև այնտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները և Հայաստանի նկատմամբ վարվում է բացահայտ թշնամական վերաբերմունք:
«Եթե գրասնեյակների կենտրոնները տեղափոխվեին որևէ այլ երկիր, որևէ քննարկում չէր լինի: Խոսքը վերաբերվում է հենց Թուրքիային: Սա մի երկիր է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կեղծում պատմությունը, ուրանում է հանցագործությունից ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության նկատմամբ: Այստեղ մենք տեսնում ենք բացահայտ հակասություն ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների հետ: Սա մի խնդիր է, որը բոլորիս մոտ անդարդարության զգացմունք է առաջացնում, և դրա դեմ պետք է պայքարել», - ասաց փորձագետը` նշելով, որ գրասենկաների տեղափոխման դեմ պայքարը պետք է տարվի բոլոր միջազգային հարթակներով և պիտի ներկայացվի Թուրքիայի իրական դեմքը:
«Թուրքիան մի երկիր է, որը Հայաստանի նկատմամբ կիրառում է այնպիսի քաղաքականություն, որը միջազգային հարաբերություններում որակվում է որպես նախապատերազմյան քաղաքականություն: Բացի այդ, Հայաստանի ներկայացուցիչների համար մեկնել այդ երկիր որոշակի դժվարություն է, որովհետև մենք հենց Թուրքիայի ջանքերի շնորհիվ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեր քաղաքացիներն այդ երկրում պաշտպանված չեն: Այդ երկրում հայության մնացորդները ենթարկվում են հավելյալ ճնշումների», - ասաց բանախոսը:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: