Քաղաքագետ. Երևանի ավագանու ընտրությունները անկյունաքարային նշանակություն կունենան ԲՀԿ-ի համար
Հաշված օրեր են մնացել Երևանի ավագանու ընտրություններին: Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի հնարավորությունների մասին panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:Բանախոսի կարծիքով` գալիք ընտրությունները անկյունաքարային նշանակություն կունենան հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար:
«Ես կարծում եմ, որ «Բարգավաճ»-ի համար դա չափազանց կարևոր ընտրություններ են լինելու, քանի որ դրանք այսպես կոչված քաղաքական ռևանշի հույսեր են տալիս: Հասկանալի է, որ «Բարգավաճ Հայաստանը» մաքսիմալ ձևով պիտի փորձի վերականգնել այն դիրքերը, որն ուներ խորհրդարանական ընտրություններից հետո, կամ գոնե մոտենալ խորհրդանական ընտրությունների արդյունքներին: Իսկ դա նշանակում է, որ «Ժառանգության» ձայների մեծ մասը «Բարգավաճ»-ը կարող է ետ վերցնել:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա իշխող քաղաքական ուժը բավական վստահ է մոտենում ավագանու ընտրություններին և դա, մեծամասամբ, կապված է նախագահական ընտրությունների արդյունքներից: Կուսակցության նախագահը հաղթել է նախագահական ընտրություններում, իսկ դա կրկնակի վստահություն է տալիս Հանրապետականին»,- նշեց Ս. Մինասյան:
Քաղաքագետը նշեց, որ ներկա փուլում դժվար է որևէ բան ասել ընտրություններում «Բարև Հայաստան» դաշինքի հնարավորությունների վերաբերյալ:
«Գլխավոր խնդիրն այն է, որ այդ հարցին կարող ենք պատասխանել միայն իմանալով, թե ի՞նչ ձևով այդ քաղաքական ուժը դուրս կգա ներկայումս ստեղծված քաղաքական իրավիճակից: Հանրապետականի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցային գործընթացը գտնվում է փակուղում և այս պահին հայտնի չէ, թե ինչպե՞ս է «Ժառանգությունն» դուրս գալու այս վիճակից: Հասկանալի է, որ այս պահին իշխանությունը լուրջ զիջումների չի գնալու, իսկ ի՞նչ պայմաններով է Հովհաննիսյանը դուրս գալու այս հացադուլից` առանց քաղաքական, հեղինակության, էլեկտորատի կորուստների, ես այս պահին չեմ կարող ասել:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, իմ կարծիքով, այս քաղաքական ուժի վիճակը լուրջ է: Դրա հիմնական պատճառն այն է, որ ի տարբերություն ԲՀԿ-ի, Կոնգրեսը չունի բավական լուրջ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, իսկ հրապարակային դաշտում ՀԱԿ-ի երբեմնի դիրքերը զբաղեցրել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- նշեց Սերգեյ Մինասյանը` հավելելով որ, այնումենայնիվ լավ աշխատանքի դեպքում ՀԱԿ-ը կարող է հաղթահարել նվազագույն շեմը և հայտնվել Երևանի ավագանու կազմում:
Ս. Մինասյանի խոսքերով` Երևանի ավագանու կազմում հայտնվելու որոշակի հնարավորություններ ունի նաև «Օրինաց Երկիր» կուսակցությունը:
«Ես կարծում եմ որ ՀՀԿ-ն որոշ չափով կփորձի նպաստավոր պայմաններ ստեղծել ՕԵԿ-ի կողմից նվազագույն շեմը հաղթահարելու համար: Ներկայումս Հանրապետականն ՕԵԿ-ին դիրատարկում է որպես բնական դաշնակից»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
«Ինչ վերաբերում է Դաշնակցության հնարավորություններին, ապա նրանց դեպքում էլ շատ բան կախված կլինի ներկա իրավիճակում «Ժառանգության» հնարավոր քայլերից, այն պատճառով որ իրավիճակի տարբեր զարգացումների դեպքում ՀՅԴ բազմաթիվ ձայներ կարող են անցնել «Բարև Հայաստան» դաշինքին և հակառակը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա իրավիճակից օպտիմալ ելք չգտնի, ապա մեծ է հավանակությունը, որ թե ՀՅԴ-ի և թե ԲՀԿ-ի ձայների մի մասը ետ կգան»,- հավելեց բանախոսը
Բանախոսը նշեց, որ դժվարանում է որևէ նշանակալի բան ասել գալիք ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Առաքելություն» կուսակցության մասին:
Այնուամենայնիվ, ըստ Սերգեյ Մինասյանի, միայն այն փաստը, որ այս կուսակցությունը դժվարություններ ունի ընտրագրավի վճարման հարցում, բավական ցայտուն նկարագրում է այդ կուսակցության հնարավորությունները գալիք ավագանու ընտրություններում: