Հնագետ. Մշակութային ժառանգությունը ոչ թե պետական սեփականության ու գործունեության ասպարեզն է, այլ ամբողջ հասարակությանն է
«Մշակութային քաղաքականությունը, հատկապես Արևմուտքում դիտվում է որպես հասարակության առանձին խմբերի, նույնիսկ անհատների մշակութային գործունեություն, որը կարող է արժանանալ կամ չարժանանալ պետական մարմինների վերաբերմունքին: Մեզ մոտ խորհրդային շրջանից ժառանգված կոնցեպտն է շարունակում տիրապետող լինել` պետությունը պատասխանատու է մշակութային քաղաքականության համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց հնագետ, ԵՊՀ մշակութաբանության բաժնի վարիչ Համլետ Պետրոսյանը:
Նրա համոզմամբ, յուրաքանչյուրը պետք է մշակութային ժառանգությունը դիտի որպես իրեն պատկանող. «Մշակութային ժառանգությունը ոչ թե պետական սեփականության ու գործունեության ասպարեզն է, այլ ամբողջ հասարակությանն է»:
«Այս հարցում առաջնային է հասարակության շերտերի, քաղաքացիական նախաձեռնությունների ինքնուրույն դերակատարումը: Մենք կարող ենք հետազոտել, հանրահռչակել, որոշակի ծրագրեր կազմել, որպեսզի այդ հուշարձանի դերակատությունը մեծանա, մարդիկ պետք է ցույց տան, որ իրենք կարող են արարել առկա պետական օրենքների սահմաններում, արարել ի հեճուկս զանազան արգելքների, ի հեճուկս երբեմն ոչ ճիշտ վարվող մշակութային քաղաքականության»,- ասաց նա:
Հ. Պետրոսյանի խոսքով, այսօր Հայաստանում մեծ աշխուժացում կա դեպի մշակութային ժառանգությունը ի շնորհիվ քաղաքացիական նախաձեռնությունների: «Միանում եմ այդ քաղաքացիական նախաձեռնություններին, հնարավորինս ջանում եմ օգնել: Քննադատելով արդյունքի չենք հասնի: Որպես քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ ինքներս ունենք որոշակի պարտավորություններ»,- նշեց հնագետը:
Հ. Պետրոսյանը իր խոսքում նաև նշեց, որ այսօր կիսագրագետ երիտասարդները շատացել են, ինչի վառ ապացույցն այն է, որ շատ հուշարձաններ, մասնավորապես խաչքարերը, տապանաքարերն ավերվում են, կեղտոտում են, տեղաշարժում են: «Ունենք խնդիրներ հասարակ մարդկանց հետո: Այո, մենք վատ կրթություն ենք տալիս մեր երեխաներին, մշակութային բազմազանությունը չեն ընկալում: Համայնքներում հազար ու մի երևույթներ են տարածված, որոնք հանգեցնում են այս վիճակին»,- ցավով նշեց նա ու որպես միակ ճանապարհ դիտում է անձնական, հասարակական, ինքնուրույն գործունեություն ծավալելը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան