ՀՀ չորս բուհերի ներկայացուցիչներ կմասնակցեն Սան–Պոլոյում կայանալիք կրթական գագաթաժողովին
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և վերջինիս անդամ հանդիսացող Հայաստանի համալսարանների միջև համագործակցության շրջանակներում գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին և գործակալության տարածաշրջանային ղեկավար Աբդերահման Ռիդային: Իր խոսքում նախարարը նշել է, որ միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շարքում կրթական ծրագրերը զգալի տեղ են զբաղեցնում.
«Ֆրանսիայի և ֆրանսիացիների նկատմամբ Հայաստանում հատուկ վերաբերմունք կա: Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին երկու երկրների կրթության ոլորտում մի շարք համաձայնագրեր են կյանքի կոչվել, մասնավորապես, ընդլայնվել են ֆրանսերենի դասավանդման ծրագրերը հանրակրթական դպրոցներում, նախապատրաստվում է նոր համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմանդրելու վերաբերյալ: Տարածաշրջանում միակ` Ֆրանսիական համալսարանից բացի, ՀՀ մի շարք բուհերում ֆրանսերենը դասավանդվում է` որպես առանձին մասնագիտություն»,- ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում ֆրանկոֆոնիայի ծրագրերի տարածմանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի ՀՀ բուհերն առավել ակտիվ ներգրավված լինեն ասոցիացիայի աշխատանքներում:
Իր հերթին գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին նշել է, որ մեկամսյակի շրջանակում, իրոք, իրականացվել են մի շարք կրթական ծրագրեր ու տեղեկացրել, որ մոտ ապագայում ասոցիացիայի անդամ ՀՀ չորս բուհերի ներկայացուցիչներ կմասնակցեն Սան–Պոլոյում կայանալիք կրթական գագաթաժողովին, որին ներկայացված կլինեն աշխարհի շուրջ 800 բուհեր:
Ըստ գործակալության գլխավոր քարտուղարի` գագաթաժողովը առիթ է հայաստանյան բուհերի համար` ներկայանալ և համապատասխան գիտակրթական կապեր ամրապնդել աշխարհի այլ բուհերի հետ: Տիկին Վանդա Դիբոլտին նաև նշել են, որ ասոցիացիայի կազմում ընդգրկված տարածաշրջանի 88 համալսարանների հետ իրականացվող ռազմավարությունն ընթանում է չորս հիմնական ուղղություններով` կրթություն, կրթության կառավարում, գիտություն և աշխատակազմի կարողությունների զարգացում: Հայաստանի բուհերը, նրա խոսքով, ցանկություն են հայտնել` իրենց համապատասխան փորձագետներ տրամադրել` տարբեր նախագծերի կազմման աշխատանքներին աջակցելու նպատակով:
Վերջինիս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերի ինքնավարության մակարդակը բավականին բարձր է, և Բոլոնիայի անդամ երկրների ցանկում վերոնշյալ ցուցանիշով Հայաստանը գրավում է միջին դիրք.
«Հետագայում նախատեսվում է ավելի ընդլայնել բուհական ազատություններն ու իրավունքները` միաժամանակ պահպանելով բուհերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը»,- հավելել է նա :
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա