Ա. Հովհաննիսյան. Ձվի գներն աճել են ոչ ի հաշիվ թռչնաֆաբրիկաների
Հավկիթի գները շուկայում աճել են ոչ թե թռչնաբուծական ֆաբրիկաների, այլ` իրացնող միջնորդների պատճառով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
«Մենք որևէ խնդիր չունենք ձվի շուկայի հետ, ամբողջ պահանջարկը բավարարվում է, իսկ ամռանը մենք ունենք ձվի քանակի 20 տոկոսի իրացման խնդիր: Մինչ այդ այս ավելցուկը արտահանվում էր Վրաստան, իսկ այժմ քննարկվում են մեր երկրում ձվի վերամշակման որևէ կազմակերպություն հրավիրելու և ձվի փոշի արտադրելու հնարավորությունները»,- ասաց նա:
Ըստ բանախոսի` ձմռանը և գարնան սկզբին իրոք նկատվում է ձվի որոշ թանկացում, քանի որ շուկայում այդ ամիսներին հատուկ պահեստավորած հավկիթներ են, իսկ գարնանը շուկայում հայտնվում են դիետիկ ձվերը, որոնց պահման ժամկետն առավելագույնը 7 օր է, և որոնց արժեքն ավելի բարձր է:
«Թռչնաբուծական կոմբինատները սակագները չեն ավելացրել և գնի աճի պատճառն այլ է` իրացնող կազմակերպություններ», - ասաց նա:
Նշենք, որ համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` ձվի հանրապետական միջին գինը 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ աճել է 11.6%-ով, իսկ 2013թ. փետրվարի համեմատ` 6.0%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 2.2-9.7% գնաճ, ընդ որում, մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա