Հայրապետյան. «Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք Հենրիխին»
Եթե Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կրկին հրաժարական տա, ապա ինչպե՞ս կվարվի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այսպիսի հարց հնչեց այսօր` ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ինչին հայաստանյան ֆուտբոլային կառույցի ղեկավարը պատասխանեց այսպես.
«Ձեզ թվում է` մուկ ու կատո՞ւ ենք խաղում: Ազգային հավաքականը ոչ իմն է, ոչ էլ Վարդան Մինասյանինը: Դա ազգինն է: Խոսքն ազգային հավաքականի մասին է և ոչ թե «Ազատություն» ռադիոկայանի: Այստեղ պատասխանատվությունը մեծ է, և մատների արանքով չպետք է նայել ամեն ինչի: Նման բան տեղի ունենալ չի կարող, քանի որ այն անլուրջ կդիտվի: Մենք արդեն իսկ քննարկել ենք այս հարցը և ամեն ինչ պարզ է. Վարդան Մինասյանը կշարունակի գլխավորել ազգային հավաքականը»,- նշեց Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի` հանդիպումից հետո արած այն հայտարարությանը, որ իր թիմակիցներից ոմանք սրտով ու հոգով չեն խաղացել, ՀՖՖ նախագահն ասաց, որ նման բան անելու իրավունք Մխիթարյանը չուներ:
«Այո, նման բան ասել է և ճիշտ է ասել, սակայն իրավունք չուներ: Դա ամենևին չի նշանակում, որ Մխիթարյանն ուզում էր հասկացնել, թե ազգային հավաքականում խմբավորումներ կան: Նա պարզապես իր կարծիքն է հայտնել, թեև, կրկնում եմ, իրավունք չուներ: Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք Հենրիխին: Չէ՞ որ նա մեր բոլորի կողմից սիրված ֆուտբոլիստն է, մեր Հենոն»,- ասաց Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները