Հ.Նաղդալյան. Բոլորովին պարտադիր չէ, որ ամենին անպայման մանրամասնորեն տեղեկացված լինեն դեսպանները
Յոթ երկրների դեսպանների կողմից հնչեցրած այն գնահատականին, թե «Սիվիլիթաս»-ին հետապնդում են, իր տեսակետն է հայտնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը.
«Կարծում եմ` բոլորովին պարտադիր չէ, որ այն ամենին, ինչը դեռ քննության ընթացքում է գտնվում և իրավական բովանդակության էլեմենտներ է պարունակում, անպայման մանրամասնորեն տեղեկացված լինեն դեսպանները: Հնարավոր է լինի իրավիճակ, երբ շատ հարգարժան մեր դեսպանները տեղյակ չլինեն այն մանրամասներին, որոնք վերաբերում են ընթացող նախաքննությանը:
Այդ իմաստով համարում եմ, որ մենք էլ` քաղաքական գործիչներս, ոչ ամեն պահի հանգամանորեն տեղյակ ենք , կամ կարող ենք տեղյակ լինել գործի մանրամասներից: Դրա համար նախընտրում ենք ավելի զուսպ և համբերատար պահվածք: Քաղաքական դաշտում էլ կան մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են, սրում կամ ուզում են դրա վրա սևեռվել, բայց, այնուամենայնիվ, քաղաքական դաշտի ընդհանուր սկզբունքը կարծես այնպիսին է, որ քննությունը ավարտվի և դրանից հետո մենք հասկանանք, ի վերջո, ինչի հետ գործ ունենք:
Այդ մասին բազմաթիվ անգամներ ասվել է: Մենք այսօր շատ ավելի համբերատար սպասում ենք, որպեսզի մեր կոլեգայի` պրն. Օսկանյանի (ում մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում) և «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված խնդիրը այս տարակարծ, իրարամերժ շահարկումներից դուրս գա, մտնի ավելի հստակ ինֆորմացիայի փուլ, որից հնարավոր լինի եզրակացություններ անել այս կամ այն զարգացումների վերաբերյալ: Կարծում եմ, որ այստեղ գոյություն ունեն ոչ բավարար տեղեկացվածության էլեմենտներ և դրա համար կուզեի մենք բոլորս ձեռնպահ մնայինք նման հայտարարություններ անելուց:
Ինչ վերաբերում է մեր երկրում ազատ մամուլի, թափանցիկ գործելակերպի թեմաներին, կարող եմ ասել, որ դրա մասին շատ հստակ կարծիք կա ձևավորված և’ միջազգային հանրության, և’ այն երկրների ու միջազգային կազմակերպությունների մոտ, որոնք առնչվում են մեզ և տեսնում են, որ երկիրը զարգանում է հանդուրժողականության ուղղությամբ, որ մամուլը ազատ է, որ բացարձակապես մոռացության գիրկն են անցել երբեմնի վերաբերմունքը մամուլի նկատմամբ, և այսօր բողոք մամուլի ազատության իմաստով մենք չունենք: Այս առումով գնահատականները և միջազգային կազմակերպությունների, և մեր հասարակության կողմից շատ բարձր են: Այսինքն` «Սիվիլիթաս»-ի հետաքննության հետ կապված խորքային եզրակահանգում անել, որ իբր մամուլը ճնշվում կամ հետապնդվում է, շատ անարդարացի և ոչ հիմնավորված եմ համարում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում