Փնտրվում է գնորդ Բաղդասարովի «Միկա ցեմենտի» համար
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ` գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը և այդ նպատակով երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է սկսել այս օրերին Դուբայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` հավանական է, որ Ծառուկյանն ընդունի առաջարկն ու գնի այդ գործարանը, քանի որ «Արարատցեմենտ»-ի սեփականատերը ևս ինքն է: ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը: «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Գագիկ Ծառուկյանը նման նպատակ չունի»,- ասել է նա: Թերթը հիշեցնում է, որ «Միկա ցեմենտ» ընկերությունը վերջին շրջանում մշտապես ուշացնում է աշխատակիցների աշխատավարձերը, թերանում նաև պետական վարձավճարները տալու հարցում: