«Ամենախայտառակ» արձագանքը տվել է դատական իշխանությունը. Պաշտպանը պատասխանել է արձագանքներին
«Մեր ժողովրդին պակասում է հացն ու արդարությունը»,- եզրակացրել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով տարեկան զեկույցը Պաշտպանն ասաց, որ այն 136 էջից է բաղկացած ու այնտեղ բարձրաձայնված է 148 համակարգային խնդիր, որոնք առնչվում են 22 պետական մարմիններին:
Խոսելով զեկույցի` տարբեր ոլորտներին վերաբերող մասերին գերատեսչությունների արձագանքների մասին, Պաշպանն ասաց, որ «օրինակելի» արձագանք են տվել միայն ոստիկանապետը, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարները: Իսկ նրա որակմամբ, «ամենախայտառակ և ամենաոչպրոֆեսիոնալ» արձագանքը տվել է Հայաստանի դատական իշխանությունը: Եվ դա, ըստ Պաշտպանի այն դեպքում, երբ հենց կառավարության անցկացրած ամենավերջին հարցումներով, հասարակության 70 տոկոսը չի վստահում դատական համակարգին:
«Եթե քննադատությունն ընդունվում է այդպես, ուրեմն ավելի անհույս է, որ այդ համակարգը կշտկվի և կդառնա ավելի լավը: Այսօր դատական դեպարտամենտը, փորձելով վարկաբեկել օմբուդսմենի ինստիտուտը, մոռանում է, որ վերջին հարցումներով՝ հասարակության 70 տոկոսը չի վստահում իրենց: Եվ այս արձագանքը է՛լ ավելի է նվազեցնում վստահությունը ոչ թե օմբուդսմենի, այլ դատական համակարգի նկատմամբ», - հայտարարեց Կարեն Անդրեասյանը:
Դատական իշխանությունների պատասխաններով, սակայն Պաշտպանի դժգոհությունները չէին ավարտվում. Նա մտահոգություն հայտնեց նաև արդարադատության նախարարության, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ու Պետեկամուտների կոմիտեի արձագանքից: «ՏՄՊՊՀ-ն մեր զեկույցը որակել էր տարօրինակ: Տարօրինակ չէ, որ օմբուդսմենն ասում է, որ հատվածական է իրենց աշխատանքը, որ հանձնաժողովը վերցնում է մեկ օլիգարխի, մեկ ոլորտում մի հաղթական քայլ են անում, հետո սպասում են, որ հասարակությունը մի քանի ամիս ծափահարի իրենց այդ քայլի համար: Տարօրինակն այն է, որ իրենք չեն պատկերացնում, թե ինչ սարսափելի վիճակ է տիրում տնտեսական մրցակցության ոլորտում:
Ինչ վերաբերում է Պետեկամուտների կոմիտեին, ո՞վ չգիտի, որ հարկայինում կան պաշտոնյաներ, որոնք իրենց ընտանիքի անդամների անվան տակ անում են բիզնեսներ և ավելին՝ դրանք օգտագործում են ի չարս, որպեսզի հասարակության մյուս անդամները, չունենալով այդ հովանավորչությունը, չկարողանան ձեռնարկատիրությամբ զբաղվել կամ սնանկանան: Դա էլ բերում է փոքր և միջին բիզնեսի այս վիճակին», - պնդեց Կարեն Անդրեասյանը:
Անդրադառնալով պատկան մարմինների այն հակափաստարկին, թե Պաշտպանը գնահատականներ ներկայացնում է ընդհանրական և ոչ մի փաստեր չեն ներկայացվում, Անդրեասյանն ասաց, որ դրանք պետք է պահանջել իրավապահ մարմիններից: «Օմբուդսմենը ոստիկան չէ, իսկ գերատեսչությունները՝ գողեր», - նկատեց նա` նշելով, որ շատ դեպքերում ՄԻՊ գրասենյակին դիմողները չեն ցանկանում հրապարակել իրենց անունները:
Պաշտպանը շուտով, Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում, կներկայացնի այս և 2011 թվականի զեկույցները և կպատասխանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող վիճակը: Բայց մինչ այդ նա այսօր լրագրողներին վստահեցրեց, որ 2011թ.-ի համեմատ իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց կա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները