«Հակամարտության կարգավորումն այս տարի քիչ հավանական է». ԼՂՀ վարչապետի հարցազրույցը «Ռոյթերս» գործակալությանը
Քիչ հավանական է, որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, իսկ տարածաշրջանում պատերազմի վտանգը նախկինի պես առկա է: Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը տված հարզազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Եթե տարին ավարտվի խաղաղ, ապա դա դրական կարելի է համարել, սակայն լավատեսություն չունեմ այս տարի հակամարտությունը կարգավորելու հարցում», - ասել է վարչապետը, ով Փարիզում մասնակցում է ֆրանսահայ ներդրողների հետ հանդիպմանը:
Գործակալությունը հիշեցնում է, որ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է ուժով վերցնել վիճարկվող տարածքները, և միևնույն ժամանակ խոսում է դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամության մասին:
Նշվում է, թե Հայաստանը անվտանգության վերաբերյալ համաձայնագիր ունի Ռուսաստանի հետ, մինչդեռ Ադրբեջանը` Թուրքիայի:
«Թե Ղարաբաղը, թե Ադրբեջանը չեն շահի պատերազմից, կարծում եմ` կողմերից որևը մեկը չի կարողանա լիակատար հաղթանակ ապահովել, բայց չենք կարող բացառել դա», - ասել է վարչապետը:
Հարությունյանը վերահաստատել է Արցախի դիրքորոշումն առ այն, որ իրենք առաջինը չեն հարվածելու, չնայած իշխանությունները, ինչպես և Ադրբեջանը, մեծացրել է զենքի ներմուծման ծավալները` սեփական պաշտպանությունն ապահովելու նպատակով:
«Կարծում եմ նոր պատերազմը մեծամասշտաբ հումանիտար ճգնաժամի կհանգեցնի և չափազանց արյունոտ կլինի», - ասել է Արցախի վարչապետը, հավելելով, թե վերջին տարիներին գրանցված սպառազինությունների մրցավազքի պայմաններում կորուստները շատ ավելին կլինեն:
Գործակալությունը տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացիկ բանակցությունների մասին, որոնք մինչ օրս արդյունք չեն արձանագրել, և հույս հայտնում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրումը կարող է նոր լիցք հաղորդել հակամարտության կարգավորմանը: Վկայակոչվում է նաև նախագահ Սարգսյանի խոսքերն ադրբեջանական կողմի հսկայական սպառազինության կուտակման և պատերազմը վերսկսելու պատրաստություն տեսնելու վերաբերյալ: Մինչդեռ Հայաստանի նպատակն է բանակցային գործընթացի շարունակությունը:
Արցախի վարչապետը զրույցում ասել է, թե հասարակական կարծիքը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ևս պատրաստ չէ ընկալելու փոխզիջումը, ինչն ավելի է բարդացնում նախագահների վիճակը` հանգուցալուծման որևէ տարբերակ ընդունելիս: